Wednesday, August 18, 2010

ԻՍԿ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՀԱԿԱՌԱԿԸ ՉԷ՞

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի 'Ռոսիա 24' հեռուստաալիքին: Հարցազրույցը հեռարձակվում է օգոստոսի 18-ին, այսինքն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պետական այցի նախօրեին: Այդպիսով ստացվում է, որ Հայաստանի արտգործնախարարի հարցազրույցը կարծես թե Մեդվեդեւի այցի նախաբան է կամ նախերգանք: Կասկած չկա, որ Էդվարդ Նալբանդյանը հաճույքով է ստանձնել Մեդվեդեւի այցի նախօրեին ռուսաստանցի հեռուստադիտողին ներկայանալու գործը, ինչն անկասկած նաեւ պատիվ է ոչ միայն նախարարի, այլ ամբողջ իշխանության ու պետության համար: Հարցը պարզապես այն է, որ կարծես թե սովորաբար տեղի է ունենում հակառակը, եւ երբ որեւէ երկրի նախագահ այցելում է մեկ այլ պետություն, ապա տվյալ նախագահը կամ նրա արտգործնախարարն են որպես նախերգանք կամ նախաբան, հարցազրույց տալիս այդ պետության պետական կամ որեւէ այլ հեղինակավոր լրատվամիջոցի: Այսինքն, կարծես թե ավելի ընդունված տարբերակ կլիներ, եթե ՌԴ նախագահը կամ արտգործնախարարը հարցազրույց տային ասենք Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը կամ որեւէ այլ հեռուստաընկերության կամ թերթի: Բայց այդպես ընդունված է երեւի թե աշխարհում, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունը վեր է աշխարհից եւ ինչպես ասում են 'մեր գիրն ուրիշ գրերեն է' եւ 'մեր սերն ուրիշ սերերեն է': Թեեւ միգուցե Ռուսաստանի նախագահը կամ արտգործնախարարը համարել են, որ Հայաստանում չկա որեւէ հեղինակավոր հեռուստաընկերություն կամ թերթ, որն արժանի լինի իրենց հատուկ հարցազրույցին եւ առաջնորդվել են 'հեռուստաընկերությունը մեզանից, հարցազրույցը ձեզանից' սկզբունքով:

No comments: