Wednesday, August 18, 2010

Թուրքագետ. Թուրքիայի հայ համայնքը պատանդի կարգավիճակում է

Թուրքիայում հայկական համայնքը պատանդի կարգավիճակում է եւ ռիսկ չի անում Թուրքիայի առաջ դնել հայկական մշակութային հուշարձանների վերակառուցման ու վերաբացման հարցը: Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցել-չմասնակցելու խնդրին: Նա նշեց, որ նամակագրական կապի մեջ է Թուրքիայի արտգործնախարարության համապատասխան աշխատակցի հետ, ով տարակուսել է, թե «այդ ե՞րբ հայերը պահանջեցին տարին մի քանի անգամ եկեղեցում պատարագ մատուցել, որ Թուրքիան էլ մերժեց»: «Ստացվում է, որ հայկական համայնքը չի պահանջում, սակայն միջազգային հանրությանը բողոքում է, թե Թուրքիան այս կամ այն բանը չի անում: Թուրքիան էլ բնականաբար արդարանում է, ասելով, թե՝ թող պահանջեն, մենք էլ անենք»,-նշեց թուրքագետը: Պաշտոնական Երեւանը, Շաքարյանի խոսքով, «Թուրքիայի քաղաքացի չէ», հետեւաբար, որեւէ բան պահանջել չի կարող, իսկ պահանջատեր պետք է լինի տեղի հայ համայնքը: «Մենք պետք է գտնենք մի մեխանիզմ՝ որեւէ կերպ ազդելու Թուրքիայի վրա, թեկուզ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով, որպեսզի մեր իրավունքը չներկայացվի որպես մեզ տրված շնորհ կամ արտոնություն»,-նշեց նա:

No comments: