Wednesday, August 18, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆՈՒՄ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՆԱԵՎ ԻՐԱՆԸ

Իսրայելը անօդաչու ինքնաթիռների գործարան կկառուցի Ադրբեջանում «ԱԶԳ», 18-08-2010- «Հաշվի առնելով Իրանի ատոմային կասկածելի ծրագրերը, վիճահարույց հրթիռային փորձարկումները, Ադրբեջանում «իսլամական շիական հեղափոխության» գաղափարախոսության քարոզչությունը, պաշտպանական եւ ռազմական ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությունը, Իսրայելի կամ ԱՄՆ-ի դեմ Իրանի հնարավոր պատերազմը` Ադրբեջանի Հանրապետությունն իր նոր ռազմական դոկտրինում համապատասխան կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել»: Այս մասին, «Պանորամա.ամ»-ի փոխանցմամբ, «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հետ («ռադիոֆառդա.քոմ») հարցազրույցում նշել է Ադրբեջանի ՊՆ կից ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ավագ փորձագետներից մեկը: Ընդ որումՙ ռադիոկայանի իրանական ծառայությունն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ռազմական եւ անվտանգության ոլորտում համագործակցության փաստն ու վերջին շրջանում տեղի ունեցած այցերը մշտապես անհանգստացրել են Իրանի իշխանություններին: «Ադրբեջանն ու Իսրայելը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, գիտակրթական, կապի, ռազմական եւ այլ ոլորտներում: Մասնավորապես` Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել մի քանի միավոր անօդաչու իքնաթիռներ, օժանդակել է ադրբեջանցի ռազմական եւ անվտանգության մասնագետների վերապատրաստման գործին, եւ մոտ ապագայում Իսրայելն Ադրբեջանում անօդաչու ինքնաթիռների արտադրության գործարան կհիմնի», «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հետ հարցազրույցում նշել է «Ադրբեջան-Իսրայել համերաշխության խորհրդի» նախագահ Արիե Գուտը: Հիշեցնենք, որ վերջերս «Թրենդ» գործակալության իրանական բաժնի ղեկավար Դալղա Խաթինօղլուն գերմանական «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության հետ հարցազրույցում էլ նշել էր, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք:

No comments: