Aysor.am. 5-8-2010- Սիրիայում ու Լիբանանում հեշտ է հայ մնալը,-կարծում են ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ներկայացուցիչները Հալեպից ու Բեյրութից, ովքեր Հայաստանում են երիտասարդական բանակումին մասնակցելու շրջանակներում:
«Մեր կառավարությունը մեզ ազատություն է տվել. մենք ամեն ինչով ապահովված ենք` ունենք մեր դպրոցը, մեր եկեղեցին, մեր մշակութայի միությունները, երիտասարդական միությունները, այն ամենն ինչ անհրաժեշտ է հայապահպանության համար»,- հայտնեց հալեպցի Աստղիկ Դեմիրճյան-Արաբյանը:
Ա. Դեմիրճյան-Արաբյանի խոսքերով, իրենք ազատ են նաև լեզվի առումով. «և’ տանը, և’ փողոցում, մենք խոսում ու շփվում ենք հայերեն»: Նա նշեց, թե Սիրիայի հայկական համայնքը անխաթար է պահում հայկական ավանդույթները, տոնում է բոլոր հայկական եկեղեցական ու պետական տոները` Հայաստանի հետ միասին:
Ֆրանսիայում, սակայն, ըստ ասուլիսին ներկա Սարո Մարտիրյանի, հայ մնալը շատ դժվար է: Նրա կարծիքով` այն պայմանավորված է համայնքի ոչ համախմբված լինելով, երբ շատ հայեր նույնիսկ չեն ճանաչում իրար Ֆրանիսայի ներսում:
«Հայերեն խոսողները շատ քիչ են, չնայած մոտ կես միլիոն հայ է բնակվում Ֆրանսիայում, բայց և’ հայկական դպրոցներն են քիչ, և’ հայկական դպրոցների աշակերտները»,- մանրամասնեց Ս. Մարտիրյանը, ով Ֆրանսիայի «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ղեկավարն է, և հավելեց. «Մտավախություն կա, որ 2, 3 ու 4 սերունդ հետո չի մնա մեկը, որ հայերեն խոսի, իսկ հայերենը ամենակարևոր գործոնն է` հայ մնալու, ու մենք մտածում ենք, թե ինչ կարող ենք անել, որ պահպանենք մայրենի լեզուն»:
Հայապահպանության մյուս կարևոր գործոնը, ըստ երիտասարդների, ընտանիքն է: Այդ իսկ պատճառով` Հալեպի և Բեյրութի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց մոտ հավանության չեն արժանանում խառնամուսնություները. «Շատ բացասաբար են վերաբերում, հատկապես եթե հայն ամուսնանում է մուսուլմանի հետ»: Մինչդեռ ֆրանսիայում, ըստ Ս. Մարտիրյանի` արդեն սովորական են խառնամուսնությունները:
«Շատերը, ֆրանսիացիների հետ ամուսնանալով, դադարոմ են նույնիսկ խոսել հայերեն և ձուլվում են: Այսպիսի դրսևորումները մենք մենք անվանում ենք` սպիտակ ցեղասպանություն»,- նշեց Ս. Մարտիրյանը, ով հավելեց նաև, որ քչերն են, իր նման, ամուսնանում հայի հետ ու շարունակում` հայ մնալ:
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment