Wednesday, August 18, 2010

Ռազմաբազայի տեղեկության էֆեկտը. Ադրբեջանը վերջին օրերին նվազեցրել է ռազմատենչ հայտարարությունները

Tert.am. 18-8-2010- Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգման մասին հայտարարություններից հետո վերջին օրերին նվազել են Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների ուշադրությունը այս հանգամանքի վրա հրավիրեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Հարցին, թե արդյո՞ք քաղաքագետը կիսում է այն կարծիքը, որ Ռուսաստանը զինելով տարածաշրջանի երկրներին, խրախուսում է պատերազմի վերսկսումը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Տարածաշրջանում պատերազմի վերսկսմանը կարելի է նպաստել, եթե զենք–զինամթերք ես տալիս կողմերից միայն մեկին՝ խախտելով հավասարակշռությունը»։ Քաղաքագետն առհասարակ մոտակա ժամանակներում ղարաբաղյան պատերազմի վերսկսումը հնարավոր չի համարում։ Теrt.am– ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը պարզաբանեց, թե ինչու ինքը հավանական չի համարում պատերազմի վերսկսումը։ «Որովհետև պատերազմի գինը շատ թանկ է բոլոր երկրների համար՝ հատկապես այն երկրի համար, որը կսկսի ռազմական գործողությունները, և եթե Ադրբեջանն սկսի պատերազմ, երկար պիտի մտածի, կորուստների և հնարավոր խնդիրների մասին, որը կարող է ունենալ ինքը»։ «Ռուս–վրացական պատերազմը բավական հստակ ցույց տվեց, որ եթե երկիրն սկսի պատերազմը և չհաղթի, ինքը կկորցնի նաև այն, ինչ ուներ»,– նկատեց Մինասյանը՝ հավելելով. «Հասկանալի է, որ այդ պատերազմի արդյունքում Հայաստանն առաջինը կճանաչի ԼՂ անկախությունը, և հնարավոր է՝ այլ երկրներ էլ ճանաչեն, իսկ ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա լուրջ խնդիրներ կան Ադրբեջանի առջև՝ և՛ Ռուսաստանի գործոնը, և՛ Արևմուտքի գործոնը»։

No comments: