Tuesday, August 17, 2010

ՈՒՄ ԵՆ “ԱՆԳԵՏԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ”

“Ֆավորիտ” С-300 ԶՀ կայանքի մատակարարմամբ ձգտում են Ադրբեջանը կապել ՀԱՊԿ-ին”: Այս, առաջին հայացքից արտառոց, եզրահանգման է եկել ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Ռաջաբովը: Նրան այս մտքին է մղել ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային կենտրոնի ղեկավար Ռամիլ Լատիպովը, ով ասել է, որ հիշյալ ԶՀԿ-ի մատակարարումն Սդրբեջան ՙէականորեն կմեծացնի ԱՊՀ անդամ, ուրեմն եւ` ՀԱՊԿ երկրների ՀՕՊ համակարգերի հնարավորությունները: Այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ադրբեջանական կողմի ՀԱՊԿ երկրների անվտանգությանն աջակցելու, ինչպես նաեւ` ՀԱՊԿ-ին տեսանելի ապագայում Ադրբեջանին` որպես, օրինակ, ասոցացված անդամի, ներգրավելու հնարավորության մասին՚: Ռաջաբովը համարում է, որ Ադրբեջանը չպետք է 'մտնի ՀԱՊԿ բեռի տակ': Այդուհանդերձ, թվում է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դեռեւս փորձագիտական հանրությունից գաղտնի է պահում Ռուսաստանի հետ ՙռազմավարական գործընկերության՚ հեռանկարը: Այսպես ասած, 'հրահանգ չի իջեցվել': Թերեւս դա է պատճառը, որ վերլուծությունների մեծ մասը կառուցվում է Հայաստանին 'հունից հանելու' պարզունակ սխեմայով: Իբր, տեսեք, թե ինչ է անում դաշնակից Ռուսաստանը: Հնարավոր է, որ Ադրբեջանում վերջնականապես համոզվել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու շանս ուղղակի չկա: Վրաստանի օրինակը պետք է որ չափազանց խոսուն լինի, ինչպես եւ այն, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններն, այնուամենայնիվ, այն չեն, ինչ` մի քանի տարի առաջ: Իսկ եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանին արդիական ԶՀ համակարգեր վաճառելու մասին լուրերը շրջանառվում են ԱՄՆ պաշտպանության նախարարի եւ պետքարտուղարի Բաքու այցից ընդամենը մեկ- երկու ամիս հետո, ապա հավանական է ենթադրել, որ Օբամայի կառավարությունը գոնե խանդով չի վերաբերվում դրան: Պետքարտուղարության ներկայացուցչի դիվանագիտորեն չեզոք արձագանքը Ռուսաստանի կողմից Աբխազիայում համանման ԶՀԿ տեղադրելու լուրի առթիվ, թերեւս, անուղղակիորեն արտահայտում է նաեւ Սպիտակ տան վերաբերմունքը ռուս- ադրբեջանական գործարքի նկատմամբ: Այլ համատեքստում Վաշինգտոնը չէր զլանա 'խայթել' Մոսկվային եւ հիշեցնել Սարկոզի- Մեդվեդեւ, իրականում` ՆԱՏՕ- Ռուսաստան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Դժվար է, անշուշտ, միանշանակորեն ասել, թե Աբխազիայում եւ Ադրբեջանում ԶՀԿ տեղադրելու եւ Գյումրիի ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու որոշումները Վաշինգտոնի հետ համաձայնեցված են: Բայց դատելով ամեն ինչից, հատկապես` Իրանի հարցում Ռուսաստանի վերաբերմունքի գրեթե արմատական փոփոխությունից, կարելի է վարկածաբար ասել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին վերապահում է բոլորովին նոր դերակատարություն: Իր հերթին, հավանաբար, Ռուսաստանն էլ զգուշանում է Իրանի հավակնություններից: Համենայնդեպս, հեշտ չէ հաշտվել այն մտքի հետ, որ գրեթե անմիջական հարեւանությամբ ասպարեզ է իջնում 'միջուկային տերություն', որը նաեւ իսլամական արմատականության հովանավոր է, եթե ավելին չասվի: Չէ± որ 'միջուկային' Իրանը հնարավորություն է ստանում 'ծածկել' ողջ հարավլովկասյան տարածաշրջանը, ինչն իր հերթին ենթադրում է անկայունություն Հյուսիսային Կովկասում, ուր առանց այդ էլ անջատողական տրամադրությունները շոշափելի են եւ զսպվում են ուժերի լարումով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իշխող կլանը միշտ էլ երկյուղ է ունեցել իսլամական շարժումներից: Բավական է ասել, որ Բաքվի մերձակայքի Նարդարան ավանն առայսօր համարյա կառավարվում է 'ջամահաթի' կողմից եւ այնտեղ մուտք չունեն անգամ իրավապահ մարմինները: ՙՄիջուկային՚ Իրանը մեծ հնարավորություններ ունի անկայունություն սադրել սահմանամերձ շրջաններում: Մանավանդ որ վերջիններիս բնակչությունը գերազանցապես շիիզմի հետեւորդ է: 'Կոլեկտիվ' ձեռնարկումներին մաս կազմելու երկրորդ շարժառիթ կարող է լինել ԼՂ հարցում Ադրբեջանի ակնկալությունն Ռուսաստանից: Այս իմաստով լիովին հավանական է թվում, որ Բաքուն թեեւ ոչ բացահայտ, բայց գործուն մասնակցություն ունենա ՀԱՊԿ ՀՕՊ ծրագրերին: Մանավանդ որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցում էլ, կարծես, Ադրբեջանը եւ Ռուսաստանը մոտ են ընդհանուր որոշման: Կամ, գուցե, օրակարգից չի հանվել այդ կայանը համատեղ ԱՄՆ-ի հետ շահագործելու Ռուսաստանի առաջարկը: Այսպիսով, թվում է, Իրանի հավակնությունների դեմ ստեղծվում է հակահռթիռային պաշտպանության արգելապատնեշ, որի մի թեւը Սեւ, մյուսը` Կասպից ծովի ափին է: Անտրամաբանական է կարծել, թե Աբխազիայում ԶՀԿ է տեղադրվում Վրաստանից սպասվող 'սպառնալիքը' չեզոքացնելու համար: Նույնը վերաբերում է Ադրբեջանին, քանի որ նույնիսկ Բաքվի փորձագետներն են խոստովանում, որ 'Հայաստանը չունի այն ավիացիան, որի դեմ արժենար С-300 կիրառել': Այնպես որ, չի բացառված, որ Ռաջաբովի դժգոհությունը պարզ քարոզչական հնարք է, որով փորձ է արվում նախ ապահովել 'անկախ արտաքին քաղաքականություն ունեցող' երկրի իմիջը սեփական ժողովրդի աչքում, ապա եւ հայ հանրությանն անգիտացնել ենթադրական զարգացումների ենթատեքստից: Վ.Ա.

No comments: