Tuesday, August 17, 2010

Սերգեյ Մինասյան. «Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության իրագործման մանեւրելու հնարավորությունը նվազում է»

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը երկարաձգելու մասին պայմանագրի ստորագրումը իր ազդեցությունը կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, կարծում է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով պայմանագրում կատարվելիք փոփոխություններին, որոնց շուրջ կողմերն արդեն եկել են փոխհամաձայնության՝ Սերգեյ Մինասյանը դրական համարեց այն հանգամանքը, որ ռուսաստանյան ռազմակայանը ավելի լայն հնարավորություններ է ստանում Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու հարցում։ Սերգեյ Մինասյանի կարծիքով, այս փոփոխությունը նաեւ նշանակում է, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։ Իհարկե, ըստ քաղաքագետի, պայմանագրում կատարվելիք այս փոփոխություններն ունեն իրենց գինը, ինչը իր ազդեցությունը կունենա Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության վրա։ «Հայաստանի համար այդ գինը նրանում է, որ կոմպլեմենտարիզմի իրագործման այդ ռազմավարության մանեւրելու հնարավորությունը նվազում է», - նշեց Մինասյանը։ Օգոստոսի 19-ին պետական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Ակնկալվում է, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը կստորագրվի Ռուսաստանի նախագահի այս այցի ընթացքում: Փոփոխությունների համաձայն, Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը (25 տարվա փոխարեն) երկարաձգվում է մինչեւ 49 տարի` սկսած 1995 թվականից: Մեկ այլ էական փոփոխությամբ, ռուսաստանյան ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ միասին ապահովելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Քաղաքագետը չի կիսում այն մտահոգությունները, որ ռուսական ռազմակայանը, Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու լայն հնարավորություններ ստանալով, կարող է նաեւ միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Սերգեյ Մինասյանի համոզմամբ, Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի արդյունավետ մեթոդներ ունի՝ սկսած տնտեսական լծակներից, մինչեւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը աշխուժացնելու ռեսուրսը։

No comments: