Tuesday, August 17, 2010

ՍՓՅՈՒՌՔԸ ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ Է

Բայց ոչ միշտ է հետեւում Հայաստանում հնչող կոչերին Սեպտեմբերի 19-ին Թուրքիայում, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի արարողությանը հայության մասնակցության հարցը, որը դարձել է նույնիսկ առանձին հայտարարությունների կամ կոչերի թեման, պարզվում է, Սփյուռքում, գոնե, ակտիվ քննարկման թեմա չէ: Ավելին, ամերիկահայերի շրջանում ընդհանուր առմամբ նույնիսկ ոգեւորություն կա, եւ շատերն են ցանկություն հայտնում կամ պատրաստ գնալ ու մասնակցել այդ արարողությանը: Այդ մասին Երեւանում, «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, լոսանջելեսաբնակ Համբիկ Սարաֆյանը: - Հայաստանում ամենատարբեր մակարդակներից կոչեր են արվում հայությանը՝ բոյկոտել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը՝ համարելով, որ դա Թուրքիան էլի մի անգամ կօգտագործի քարոզչական նպատակներով: Այդ կոչերը որքանո՞վ են լսելի ԱՄՆ-ում, մասնավորապես նաեւ՝ հայաշատ Կալիֆոռնիայում: - Այս հարցին պետք է երկու կողմից նայել. հստակ է, որ թուրքական կողմն ամեն ինչ անում է՝ փորձելով աշխարհին համոզել, թե այս դեպքում հայերի հետ խնդիր չունի եւ նունիսկ հայկական եկեղեցու վրա խաչ է դնում, պատարագ թույլատրում: Բայց կարելի է նաեւ հասկանալ, որ եթե թուրքը դա անում է, ուրեմն՝ մենք էլ մեր անելիքն ունենք: Ժամանակին, երբ թուրքերը եկեղեցին նորոգեցին, բայց հրաժարվեցին վրան խաչ դնել, հիմնական խոսակցությունն այն էր, թե սա արել են քարոզչության համար, իսկ իրականում Սուրբ Խաչը չեն ընդունում որպես հայկական կոթող եւ դրա համար էլ հրաժարվում են խաչը դնել: Երբ այդ խաչը տեղադրվեց, այդ նույն մարդիկ հիմա նոր պատճառաբանություն են փնտրում: Այսինքն, եթե կար սկզբունքային անհամաձայնություն, որ սա զուտ քարոզչական նպատակ ունի, ապա առաջին օրվանից այդպիսի մոտեցում պիտի ցուցաբերվեր: Կարծում եմ, անկախ այն բանից, թե թուրքերն ինչ են ուզում դրանով ցուցադրել, ինձ համար կարեւոր է, որ Թուրքիայում հայությանը հարազատ գոնե մի հուշակողոթ այսօր ամբողջությամբ վերականգնվել եւ դարձել է եկեղեցի: Այո, Թուրքիան փորձելու է այդ փաստը չարաշահել եւ դիվիդենտներ հավաքել, բայց միունույն ժամանակ մեր եւ ապագայի համար պատմական այս եկեղեցու եկեղեցի դառնալն, անշուշտ, շատ կարեւոր է: Կարեւոր է նաեւ, որ ամեն ինչ արվի, որպեսզի այդ արարողությունը չսահմանափակվի միայն մեկ պատարագով: Ավելի լավ կլինի, որ մենք ուշադրություն հրավիրենք ու նույնիսկ ճնշում բանեցնենք թուրքական կառավարության վրա, որ Աղթամարի վանքն ու ամբողջ հուշակոթողն իսկապես գործող եկեղեցի դառնա, եւ հայերն այնտեղ պատարագներ մատուցեն: Որպես սփյուռքահայ, ես շատ կցանկանայի մասնակցել այդ արարողությանը, որովհետեւ մենք երազել ենք պատմական երկիր վերադառնալ, եւ այսօր այդպիսի հնարավորություն կա: Կարող եմ հասկանալ նաեւ մյուս կողմին, որն ասում է, թե պետք է մերժել թուրքական այսպիսի որեւէ նախաձեռնություն: Բայց, ըստ իս, մեզ համար կարեւոր է, որ այնտեղ պատարագ մատուցվի՝ հաստատելով, որ դա մեր եկեղեցին է: Այդ պատարագը պետք է ծառայեցվի որպես նախադեպ, եւ եթե թուրքական կառավարությունը փորձի հետայսու արգելել այդ արարողությունը, մենք կարողանանք իրենց ու ամբողջ աշխարհին ասել, որ այդ պատարագը ցուցադրական է եղել, որ եթե մեկ անգամ թույլատրվել է այնտեղ պատարագ մատուցել, ուրեմն Սուրբ Խաչը լիակատար եկեղեցի է եւ պետք է միշտ բաց լինի, այնտեղ պատարագներ պետք է մատուցվեն: Այս ամենը միայն սեւ ու սպիտակ գույներով ներկայացնելը ե՛ւ սխալ է, ե՛ւ պետք չէ: - Ի՞նչ եք կարծում, ամերկահայերից շատե՞րը կմասնակցեն Սուրբ Խաչի պատարագին: - Չեմ կարող ասել, մանավանդ, որ այս պահին այնտեղ չեմ, բայց, կարծում եմ, հոսքը մեծ կլինի: Կապրենք, կտեսնենք: - Այսօր Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկն էլ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգերի տրամադրման, Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության երկարաձգման հարցերն են: Որքանո՞վ են դրանց հաղորդակից ԱՄՆ-ի մեր հայրենակիցները, եւ արդյոք նրանք նույնքան հետաքրքրվա՞ծ են դրանով, որքան հայ-թուրքական կամ ԼՂ խնդիրներով: - Հետաքրքրություն եւ մտահոգություններ, իհարկե, կան, առավել եւս, որ ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում, գործում է 7 հայկական հեռուստակայան եւ Հայաստանին առնչվող լուրերի հոսքը շատ մեծ է: Այդ հարցերն, անշուշտ, մեզ էլ շատ են մտահոգում, որովհետեւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վտանգները մենք տեսնում ենք: Իրավիճակն, իրոք, շատ լուրջ է: Կովկասյան այս հրավառ կաթսայում Հայաստանը պիտի վարի շատ նուրբ ու խելացի քաղաքականություն, որ կարողանա ճիշտ ուղղությամբ նավարկել, եւ դրա ճանապարհին, եթե պիտի վնասներ լինեն, դրանք լինեն նվազագույն, իսկ հնարավորության դեպքում՝ հաջողության հասնենք: Տեսեք, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները գնալով լավանում են: Միշտ էլ այդպես եղել է, ուղղակի մենք չենք ցանկացել դա տեսնել՝ մտածելով, որ Ռուսաստանը բացառապես մեր բարեկամն է եւ կովկասյան տարածաշրջանում ուրիշների հետ հարաբերություններ չունի: Բայց հստակ երեւում է, եւ ռազմավարական իմաստով Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են, որովհետեւ Ադրբեջանը ոչ միայն նավթամուղերի մեջտեղն է նստած ու կարող է շատ մեծ դեր խաղալ, այլեւ, Իրանի սահմանակից երկիր լինելով, Ռուսաստանի համար ուժեղ լծակ է՝ Իրանի հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Ի դեպ, նույնքան հետաքրքրությամբ ամերիկահայերը հետեւում են Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներին, որովհետեւ այսօր այդ երկրի դերի մեծացումն ուղղակիորեն կախված է Իրանի եւ ամբողջ աշխարհի հարաբերությունից, եւ մենք դա դիտարկում ենք նաեւ այդ տեսանկյունից: Տեսնելով նաեւ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, մենք իսկապես մտահոգված ենք, որովհետեւ քանի դեռ ունենք ԼՂ հարց, Հայաստան-Ադրբեջան հավասարակշռության որեւէ թեքումն ու Ադրբեջանի դերի մեծացումը վստահաբար բացասաբար է անդրադառնալու ԼՂ հարցի լուծման վրա: - Ձեր վերլուծությունից տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը մեր տարածաշրջանում ամենաանտեր պետությունն է, մինչդեռ հայաստանցի որոշ փորձագետներ պնդում են, թե Ռուսաստանը, Հայաստանում իր ռազմաբազայի ներկայությունը երկարաձգելով ու Հայաստանի անվտանգության ապահովումը ստանձնելով, հավասարակշռություն է ստեղծում Հայաստանի եւ ՌԴ-ից զենիթահրթիռային համակարգեր ստացող Ադրբեջանի միջեւ: - Ես դրանում հավասարակշռություն չեմ տեսնում: Ես տեսնում եմ, որ դրանում կան Ռուսաստանի շահերն, ու դա շատ նորմալ երուույթ է: Ես չեմ հավատացել եւ չեմ հավատում, որ մենք ունենք հավերժական բարեկամներ: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ գալու է մի օր, երբ ռուսական կողմի եւ մեր ժողովրդի շահերը բախվելու են, ինչպես դա պատմության մեջ հաճախ պատահել է: Այո, շատ երկար ժամանակ այդ շահերը չեն բախվել, բայց, ի դժբախտություն մեզ, մեզ համար ամենաօրհասական պահերին այնպես է ստացվել, որ շահերի մեծ բախումներ են եղել, եւ արդյունքում մենք մեծ վնասներ ենք կրել: Օրինակը ոչ հեռու անցյալն է՝ 1920-ական թվականները: Մանավանդ, եթե նկատի ունենք այն, որ Հայաստանն այսօր կատարելապես ռուսական ազդեցության գոտի է դարձել, չեմ ուզում խոսել դրա օգուտների կամ վնասների մասին, երբ նաեւ երկրի ամբողջ արտաքին քաղաքականությունն է կրում այդ հզոր ուժի ազդեցությունը, նշանակում է՝ այդ հարաբերություններում էլ ապահով լինել-չլինելու որոշումը Հայաստանինը չի լինելու: Ռուսաստանն է, իր շահերից ելնելով, որոշելու, թե Հայստանն ինչպիսի քաղաքականություն պետք է վարի: Դա մեզ համար կարող է մահացու լինել, որովհետեւ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ Ռուսաստանը մեզնից պահանջի մի բան, որը մենք՝ որպես ժողովուրդ եւ Հայաստան պետություն ու Սփյուռք, պատրաստ չլինենք, բայց պարտավորված լինենք անել, որովհետեւ ուրիշ ելք չի մնա: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ «Առավոտ» 14-8-2010

No comments: