Sunday, September 26, 2010

Թուրքիայում 2549 հայկական եկեղեցիներից մնացել է ընդամենը 197-ը

Մի քանի մտավորականներից բաղկացած խմբի հետ պատմաբան Էդիկ Մինասյանն Արևմտյան Հայաստանից հարուստ տպավորություններով է վերադարձել: Հայկական կենցաղն ու նիստուկացն անհամեմատ ավելի լավ պահպանվել են հատկապես Խոպայում, ուր պատմաբանն իր խմբի հետ մի փոքրիկ Հայաստան է հայտնաբերել:
Թեպետ Խոպայի մեծ մասը մահմեդական կրոնի է դավանում, ու հայկական եկեղեցիներ այնտեղ չկան, բայց պատմաբանը համոզված է` տեղացի հայերը հոգու խորքում ընդունում են քրիստոնեական հավատը: Սակայն Խոպան միակ տարածքը չէ, ուր փոքրիկ Հայաստան է պահպանվել: Հայկական ինքնությունն արթուն է նաև Մուսա լեռան գյուղերում: Չափազանց հայրենասեր մարդիկ են, մուսալեռցիների մասին ասում է պատմաբանը:
Ազգայնականության էլէմենտների կոնկրետ Խոպայում մերոնք չենք հանդիպել, սակայն համշենահայերն օրինակ, թեպետ լրիվ չէին բացվում, բայց զգացվում էր, որ նրանց հանդեպ թշնամական վերաբերմունք, թեկուզ քողարկված, բայցևայնպես, կար,- ասում է պատմաբանը:

Հայկական եկեղեցիները վերակառուցելու Թուրքիայի այսպես կոչված ջանքերն էլ պատմաբանը թուրքական քաղաքականության տարիների ընթացքում մշակված դիվանագիտություն է համարում, որ հետապնդում է մեկ նպատակ` քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ, որ իրենք էլ քաղաքակիրթ են: Սակայն պատմաբանը կասկած չունի, որ թուրքերը դրանով հայկական մշակույթը յուրացնելու և ոչնչացնելու քաղաքականություն են իրականացնում:

Նշենք, որ Յունեսկօ-ի տվյալներով, 1-ին համաշխարհային պատերազմի նախօրյակին հայկական եկեղեցիների թիվը Թուրքիայում 2549-էր: Արդեն 1923 թվականին այդ եկեղեցիներից կանգուն էր մնացել ընդամենը 913-ը, որոնցից 484-ի հետքն ընդհանրապես վերացավ: 1923-ից 1974 թթ.-ին ամբողջությամբ քանդվեցին 252 եկեղեցի, և միայն 197-ը պահպանվեցին` այն էլ կիսաքանդ վիճակում ու վերականգնման խիստ կարիք զգալով:

No comments: