Saturday, September 18, 2010

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՈՒՄԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

«ԱԶԳ», 17-09-2010- Վերջերս ակտիվացել են Հայաստան-Իրան բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ, եւ կա երկկողմ պատրաստակամությունՙ առավել զարգացնելու փոխգործակցությունը:
Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանՙ սեպտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թեհրան պաշտոնական այցելության շրջանակներում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանն այս դիրքորոշումն է արտահայտվել` երկու երկրների համագործակցության զարգացման առնչությամբ գոհունակությամբ:
Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը` քաղաքական, տնտեսական, ապակենտրոնացված ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Զրուցակիցները վերահաստատել են փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման օգտին: Մանուչեհր Մոթաքիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարեւորելով Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:
Իրանի արտգործնախարարն իր հայաստանյան պաշտոնակցին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջը տեղի ունեցած զարգացումներին, դրա վերաբերյալ միջազգային հանրության հետ ընթացող բանակցություններին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրին առնչվող իրադարձություններին եւ հուսով է, որ Իրանն ու միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կարող են գալ փոխադարձ ընդունելի լուծման:
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների համատեղ մամլո ասուլիսում, ըստ Fars գործակալության, Նալբանդյանը հայտարարել է. «Հայաստանը գտնում է, որ Իրանը կարող է ակնառու դերակատարություն ունենալ կարգավորման գործում»: Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, Իրանը զգուշավոր է ղարաբաղյան հարցում:
Գործակալության տեղեկատվությունն այդուհետեւ բավականին հետաքրքրական է, քանի որ, ըստ գործակալության հիշեցման, «դեռեւս մարտին Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաքեր Բահրամին հայտարարել էր, թե Ադրբեջանն ու Հայաստանը դիմել են Իրանինՙ միջնորդ հանդիսանալու հակամարտության կարգավորման հարցում»:
Ինչեւէ, Նալբանդյանն Իրանում տեղեկացրել է, որ շուտով այդ երկրում Հայաստանի մշակույթի օրեր կլինեն: Իսկ ինչ վերաբերում է ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ու վիզային ռեժիմի պարզեցմանը, Նալբանդյանի խոսքերով, առաջինի առնչությամբ քննարկումներ են տեղի ունենում, իսկ վիզային ռեժիմին առնչվող հարցերը կդիտարկեն երկու երկրների արտաքին գերատեսչությունների հյուպատոսական բաժինների նիստերում:
Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Էդվարդ Նալբանդյանն ու Սաիդ Ջալիլին անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, երկու երկրների անվտանգության խորհուրդների համագործակցությանը, տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին:
Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն Իրանահայոց թեմի առաջնորդարանում հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: