Monday, September 27, 2010

ՄՈՍԿՎԱՅԻ ՍՏՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

«Լրագիր» 27-9-2010- Որ Ռուսաստանում նկատելի է Մեդվեդեւ-Պուտին մրցակցություն, թերեւս դժվար է հերքել: Մեդվեդեւն իր հռչակած արդիականացման ուղով ակնհայտորեն փորձում է հակադրվել Պուտինի “ԿԳԲ”-ական ուղուն, իսկ այդ հարցում նրան փորձում է աջակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգները: Նահանգները թերեւս միակ երկիրն է աշխարհում, որտեղ փորձում են Մեդվեդեւին իսկապես ներշնչել, որ ինքը Ռուսաստանի նախագահն է: Նույնիսկ Հայաստանում Մեդվեդեւին որպես նախագահ չեն ընկալում: Ու թերեւս Մեդվեդեւին նախագահ դարձնելու համար էլ Միացյալ Նահանգները որոշակի պասիվություն են դրսեւորում Ռուսաստանի հետ ավանդական մրցակցության ոլորտներում, օրինակ Հարավային Կովկասում, թույլ տալով, որ Ռուսաստանը մի քանի հռչակագրային հաջողություն արձանագրի:
Այդ հաջողություններն իրականում ոչ այնքան նպաստում են Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի եւ կշռի ամրացմանը, որքան Ռուսաստանում Մեդվեդեւի դերի եւ կշռի ամրացմանը, ինչով էլ զբաղված են Միացյալ Նահանգները: Նրանց համար թերեւս կարեւոր է Մոսկվայում “պուտինյան” դարաշրջանը որքան հնարավոր է արագ անդառնալիացնելը: Ինչպես երեւում է, ԱՄՆ այդ մարտավարությանը սկսել է աջակցել նաեւ Միխայիլ Սահակաշվիլին, ով վերջին շրջանում սկսել է հաճախակի հիշատակել Մեդվեդեւ-Պուտին մրցակցության մասին եւ ակնարկել, թե Ռուսաստանում իրականում իշխում է Պուտինը, կամ Պուտինը վերադառնում է: Սահակաշվիլին այդ խաղում նաեւ իր հարցն է փորձում լուծել, թերեւս որոշակիորեն հող նախապատրաստելով Ռուսաստանի հետ հարաբերության վերականգնման հնարավոր հեռանկարի համար: Օրինակ, երբ ստեղծվում է Մեդվեդեւի չարյաց փոքրագույն, եւ Պուտինի չար կերպարների հակադրություն, ապա այդպիսով չարյաց փոքրագույնի հետ աշխատանքը դիտվում է նույնիսկ որպես չարի դեմն առնելուն ուղղված քայլ: Դա, ընդ որում, ոչ միայն քարոզչական, այլ նաեւ գործնական իմաստով:

Բայց այդ ամենում գլխավոր հարցն այն է, թե Մեդվեդեւն ինքը արդյոք պատրաստ է դառնալ նախագահ: Առայժմ նրա մոտ նկատվում է անձի երկվության սինդրոմ. Միայն թե խոսքը ոչ թե երկու Մեդվեդեւների, այլ Մեդվեդեւի եւ Պուտինի մասին է: Այսինքն, Դմիտրի Անատոլեւիչի մեջ կռիվ են տալիս Մեդվեդեւն ու Պուտինը: Մեդվեդեւը խոսում է ադիականացման մասին, վերափոխման, որակական փոփոխությունների մասին, եւ մեկ էլ հանկարծ նույն մարդը կարող է ինչ որ երեւույթների մասին խոսելիս օգտագործել պուտինյան հայտնի կիսագողական-կիսափողոցային բառապաշարը: Ըստ երեւույթին, Մեդվեդեւն ինքն էլ չի հավատում, որ Ռուսաստանում այլ կերպ հնարավոր է նախագահ լինել: Ու նա արդիականացման կեսով փորձում է Արեւմուտքի աջակցությունը պահել, իսկ “պուտինյան” բառապաշարով փորձում է պահել կամ ստանալ Ռուսաստանի աջակցությունը:
Երկիրը, որի դե յուրե նախագահն ունի դե ֆակտո այդօրինակ խնդիրներ, բավական վտանգավոր է: Վտանգավոր է առաջին հերթին անկանխատեսելիության առումով: Երբ Ռուսաստանի ծավալի եւ թափի պետության մեջ լուծված չէ իշխանության հարցը, դա կարող է վատ ազդեցություն ունենալ ոչ միայն Ռուսաստանի վրա, ինչը տեսնում ենք օրինակ տարատեսակ ահաբեկությունների շքերթի տեսքով, այլ նաեւ բոլոր այն պետությունների, որոնք գտնվում են նրա անմիջական հետաքրքրությունների, եւ հատկապես ազդեցության ոլորտում: Այդպիսին է Հայաստանը: Դժվար է ասել, թե Պուտինի եւ Մեդվեդեւի պլանները հենց Հայաստանի մասով խիստ տարբերվում են եւ նրանք ունեն խիստ հակադիր հայացքներ, ինչի հետեւանքով նրանց դիմակայության ելքերը կարող են տրամագծորեն հակառակ ազդեցություն թողնել Հայաստանի իրավիճակի վրա: Բայց նաեւ գործնականում անհնար է, որ Ռուսաստանի իշխանության ներքին հակադրությունները վաղ թե ուշ որեւէ կերպ չարտահայտվեն Հայաստանի իրավիճակի վրա:

Ի վերջո, շատ հավանական է, եթե ոչ պարզապես փաստ, որ ներիշխանական հակադրություններում Ռուսաստանի իշխանության կենտրոնները օգտագործեն ոչ միայն ներերկրային, այլ նաեւ հենց “արբանյակ” գործիքներ ու գործոններ, որոնց թվում եւ Հայաստանն իր համար կենսական արտաքին խնդիրներով: Վերջին երկու տարիների ընթացքում այդ խնդիրների առումով իրար տրամագծորեն հակառակ զարգացումներն ու վայրիվերումները խոսում են թերեւս նաեւ հենց այդ մասին: Ավելորդ է հիմա գուշակել, թե ինչ կլինի Հայաստանի հետ Մեդվեդեւի, կամ ինչ կլինի Հայաստանի հետ Պուտինի վերջնական հաղթանակի դեպքում: Ավելին, վերջնական հաղթանակի մասին խոսք թերեւս չի էլ լինի: Ըստ երեւույթին, Արեւմուտքից Մեդվեդեւին միշտ կաջակցեն այնքան, որ նա միշտ ունակ լինի հակադրվել Պուտինին, բայց ոչ այնքան, որ նա վերջնականապես չեզոքացնի Պուտինի գործոնը: Այդ հավասարակշռությունը պահելով, Արեւմուտքը թերեւս Ռուսաստանը դարձնում է առավելագույնս կառավարելի:

Հետեւաբար, զուտ պետական շահի տեսանկյունից, միանգամայն անիմաստ ու սխալ է հետեւել ներռուսաստանյան ներիշխանական հակադրությանն ու կանխագուշակել կամ հաշվարկել, թե ով կհաղթի: Բայց հետեւել պետք է: Պարզապես պետք է ոչ թե հաղթողին կցվելու ճակատագրական պահը չուշացնելու, այլ պարզապես այդ ներիշխանական դիմակայության “արբանյակ” գործիքի չվերածվելու համար: Դատելով այն բանից, որ Հայաստանը շատ կարճ ժամանակամիջոցում շատ արագ եւ միանգամայն պատրաստակամորեն միանում է աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների թե մի, թե բոլորովին հակառակ ռեժիմներին, կարող ենք ենթադրել, որ իրականում Հայաստանի “վերնախավը” առաջնորդվում է հենց Ռուսաստանում հնարավոր հաղթողի քղանցքը բաց չթողնելու, ոչ թե գործիք չդառնալու մտայնությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: