Wednesday, September 8, 2010

Հեղինակավոր ամսագրերում տպագրված գիտական աշխատանքների քանակով Հայաստանն առաջատար է տարածաշրջանում

1992թվականից մինչև այսօր միջազգային գիտական հեղինակավոր ամսագրերում տպագրվել են հայ գիտնականների շուրջ 6000 գիտական աշխատանքներ, որոնցից արվել են 46 հազար հղումներ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Ըստ նրա, վերը նշված ցուցանիշով Հայաստանն առաջատարներից է տարածաշրջանային երկրների շարքում։
Հարցին, թե հայ գիտնականները գիտության որ ոլորտներում են առաջատար, Սամվել Հարությունյանը պատասխանեց, որ վերոհիշյալ գիտական աշխատանքների հեղինակների 57 տոկոսը ֆիզիկոսներ են, 10–12 տոկոսը՝ կենսաբաններ, 5–6 տոկոսը՝ քիմիայի բնագավառի գիտնականներ, 1-2 տոկոսը՝ մաթեմատիկայի, մնացածը՝ այլ ոլորտների մասնագետներ։
Գիտության պետական կոմիտեի նախագահը նաև ընդգծեց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը ամբողջ խորհրդային տարածքի համար էր մասնագետներ պատրաստում, այդ է պատճառը, որ մեծ էր գիտական ոլորտում հայտնվել ցանկացողների թիվը, ինչը չես ասի այսօրվա համար. գիտությամբ զբաղվողների թիվը նվազել է։
Սամվել Հարությունյանը միաժամանակ նշեց, որ այսօր գիտնականներն «ավելի ուժեղ» են, որովհետև ավելի տեղեկացված են, քան իրենց «խորհրդային» գործընկերները, «այն ժամանակ չկար համակարգիչ, չկար համացանց, կապի միջոցներն այսօր ընձեռում են հսկայական հնարավորություններ»։

No comments: