Monday, September 27, 2010

Իսրայելն Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմի է դրդում. ռուս վերլուծաբան

HayNews.am. 27-9-2010- Հայտնի ռուս վերլուծաբան Մաքսիմ Շևչենկոն Cihan գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Իսրայելին ձեռնտու է Հարավային Կովկասում ցանկացած բախում` «ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի»:
Շևչենկոն ուշադրության է հրավիրել այն բանի վրա, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարած այցից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բավական ակտիվացել են հրադադարի խախտման դեպքերը: «Իսրայելն Ադրբեջանին պատերազմի է հրահրում»,-նման տեսակետ է հայտնել ռուս վերլուծաբանը և շարունակել. «Թուրքիան ,որքան էլ լուրջ պատմական խնդիրներ ունի Հայաստանի հետ, այնուամենայնիվ, ցանկանում է խաղաղ Կովկաս տեսնել: Նույնն է նաև Ռուսաստանի և Իրանի դեպքում, որոնց համար խաղաղությունն այս տարածաշրջանում շատ կարևոր է»: «Իսկ Իսրայելին լարվածություն և բախումներ են պետք` Իրանի վրա հարձակվելու համար»,-եզրակացնում է Շևչենկոն և հավելում, որ Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին և հրահրում նրան պատերազմի:
Վերջինս նաև հավելել է, որ «Իսրայելն իր նպատակների համար ակտիվ օգտագործում է քրդերին, ինչպես նաև տարածաշրջանում բնակվող հրեաներին»:
Նկատենք, որ Շևչենկոն Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Դատեք ինքներդ» բանավեճային ձևաչափ ունեցող հաղորդման հեղինակն ու վարողն է:

No comments: