Wednesday, September 8, 2010

ՎԵՐՋՆԱԿԵՏԸՙ ԱՂԹԱՄԱՐ

Թուրքիան բաց է թողնում երրորդ մոլորեցնող «փուչիկը»
Թուրքական կառավարությունը փորձության եւս մի նոր քայլ է կատարումՙ խառնաշփոթություն առաջացնելու հայերի շրջանում: Անցած կարճ ժամանակահատվածում սա Թուրքիայի երրորդ հաշվարկված քայլն է, որով նա ներքին հակասություններով լի քաոսային իրավիճակ է ստեղծում հայերի շրջանում, որից էլ ճաշակում է իր գործողությունների քաղցր պտուղները:
Հայկական պատմական հողերին տիրանալուց եւ 1,5 միլիոն բնիկ հայերին ջարդելուց հետո Թուրքիան շատ հեշտությամբ եւ մեծ վարպետությամբ կարողանում է զանազան մեքենայություններ բանեցնել զոհերի հետնորդների շրջանում, որոնք դեռ չեն կարողանում ազգային միաբանություն եւ վճռական կամք դրսեւորելՙ դիմագրավելու համար նրա քողածածկ խաղերը:
Քաղաքական այդ քայլերից առաջինը արձանագրություններն էին, որոնք ոչ միայն հույսեր առաջացրին հայերի մեջ, այլեւ հաջողությամբ հիմարացրին միջազգային հասարակությանը:
Երկրորդը Ստամբուլում հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունն էր: Թուրքերը քաջալերեցին երկու տարբեր հանձնախմբերի (հոգեւոր խորհրդի եւ ընտրությունների կազմկոմիտեի) ձեւավորումը եւ ստամբուլահայերին երկու հակադիր ճակատների բաժանելով կարողացան հասնել այն բանին, որ պատրիարքի տեղապահ «ընտրվեց» Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, աննախադեպ մի երեւույթ ամբողջ հայոց պատրիարքարանի պատմության մեջ: Չնայած «ընտրությունը» դատարաններում ներկայումս վիճարկվում է, Աթեշյանը արդեն վայելում է պտուղներըՙ պարելով թուրքական կառավարության սրնգի ներքո:
Այժմ երրորդ քայլն է Թուրքիան առաջարկում մեզՙ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու տեսքով:
Պատմական այս տաճարում մեկանգամյա արարողություն թույլատրելովՙ թուրքական կառավարությունը շատ հստակ ձեւով արտահայտում է իր նպատակները, որոնցից առաջինն այն է, որ այդ կառույցը նա չի ճանաչում որպես պաշտամունքի վայր, երկրորդը, որ առիթն օգտագործում է ձեւացնելու, թե կրոնական հանդուրժողականության կողմնակից էՙ որպեսզի հեշտացնի իր անդամակցությունը Եվրոմիությանը, եւ երրորդը, որ դրանով խթանում է նորանոր զբոսաշրջիկների այցելությունն իր երկիր:
Բայց ամենից ավելի նրան հրճվեցնում է այն, որ հայերը միաբան չեն եւ ամեն, նույնիսկ փոքր առիթի դեպքում, նրանք կռվում են մեկը մյուսի դեմ: Այս տեսանկյունից է ահա կարեւորվում շեքսպիրյան հայտնի երկընտրանքային հարցադրումը, որն այս դեպքում հնչում է այսպեսՙ գնա՞լ, թե՞ չգնալ:
Հայերն այսպիսով բաժանվում են երկու հակառակ խմբավորումների, որոնք վիճում են մեկը մյուս հետ, մեղադրում մեկը մյուսին, մոռանալով հաճախ Թուրքիայի խարդավանքների մասին:
Սուրբ Էջմիածինը որոշել էր երկու բարձրաստիճան հոգեւորականների ուղարկել մասնակցելու սեպտեմբերի 19-ի արարողությանը եւ «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայաններին տված հարցազրույցում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի անունից հայր Վահրամ Մելիքյանը հավաստիացրել էր, թե իրադարձությունը բոյկոտելու խնդիր չկա: «Հավատացած ենք, որ եթե մեզ հնարավորություն է տրվել խանդաղատանք տածելու դարավոր մի սրբավայրի հանդեպ, որտեղ որոշ պատճառների հետեւանքով առ Աստված աղոթներ չեն հնչում այսօր, ապա մենք պարտավոր ենք օգտվել այդ առիթից եւ մեր ներկայությամբ պաշտպանել մեր սեփականության իրավունքները» [*], ասել էր նա:
Միեւնույն լրատվամիջոցներին հակառակ կարծիքն է հայտնել իշխող Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը , որը եկեղեցու մեկօրյա բացումը միջազգային հանրությանը մոլորեցնող ճարպիկ քարոզչական հնարք է համարել:
Այստեղ մենք տարաձայնություն ենք տեսնում իշխանությունների եւ Սուրբ Էջմիածնի միջեւ, մինչեռ ընդդիմությունն ամբողջ ժամանակ մեղադրում էր կաթողիկոսին, որ կառավարության նախաձեռնումներին համահունչ է գործում միշտ: Գոյություն ունի նաեւ տարաձայնություն Սբ Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսարանի միջեւ, որ վերջերս հաղորդագրություն էր տարածել իրադարձությունը բոյկոտելու վերաբերյալ:
Հայկական հանրային հեռուստատեսությամբ հեռասփռված հարցազրույցի ժամանակ Ցեղասպանության թանգարանի տնօրեն դոկտ. Հայկ Դեմոյանը պաշտպանել էր Սբ Էջմիածնի դիրքորոշումըՙ ավելացնելով, որ արարողությունը նաեւ առիթ է հավերժացնելու Գագիկ Արծրունի արքայի եւ ճարտարապետ-քանդակագործ Մանուելի հիշատակները, որոնց շնորհիվ 10-րդ դարում կառուցվել է Սբ Խաչ եկեղեցին: Նա նույնիսկ նշել էր, որ Լոզանի 1923 թվի պայմանագրով այդ եկեղեցին պատկանում է Ստամբուլի պատրիարքարանին:
Իհարկե, մենք բազմիցս կարող ենք կրկնել, որ այդ սրբավայրը մեզՙ հայերիս է պատկանում, բայց թուրքական կառավարության պաշտոնական պնդումներով այն պետական թանգարան է «Աքդամար» անունով: Օգոստոսի 17-ին թուրք ոստիկանները խոչընդոտել էին «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամներին մուտք գործել եւ մոմ վառել եկեղեցում, պատճառաբանելով, որ մոմերի ծուխը կարող էր մրոտել պատերը: Ինչպիսի՜ հոգատարություն կառավարության կողմից: Իսկ ի՞նչ ասենք այն 2000 այլ հայկական եկեղեցիների մասին ամբողջ Թուրքիայի տարածքում, որոնք ավերակների, ախոռների կամ մզկիթների են վերածված: Սա նշանակում է, որ սեպտեմբերի 19-ի արարողության ժամանակ, թուրքական թանգարանների օրենքների համաձայն, այցելուները պարտավոր են զերծ մնալ մոմեր վառելուց:
Ծիծաղելով արտաքին աշխարհի վրա, Թուրքիայի կառավարությունը միաժամանակ նացիստական ոճին հարիր հետազոտություններ է անցկացնում ամբողջ Վանի շրջանում, պարզելու համար, թե իրենց բնակարանները ուխտավորներին տրամադրել ցանկացողները չունե՞ն արդյոք հայկական արմատներ: Եթե պարզում են, որ ունեն, ապա հետապնդում են նրանց:
Ճակատագրի հեգնանքով գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը մի խումբ եվրոպահայ ուխտավորների է առաջնորդելու սեպտեմբերի 19-ին դեպի Սբ Խաչ եղեկեցի, հակառակ որ դեմ է Ստամբուլում վերջերս կատարված պատրիարքի տեղապահի «ընտրության» արդյունքին: Նա վճռականորեն բողոքել է թուրքական կառավարության որոշման դեմ եւ փորձում է պահպանել իր թեկնածությունը այդ պաշտոնում:
Շրջանառվում էին նաեւ շշուկները, որ Թուրքիայի կառավարությունը, որպես բարի կամքի արտահայտություն, կարող է մեկ օրովՙ սեպտեմբերի 19-ին բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն այդ հույսերը հօդս ցնդեցին, երբ Թուրքիան հայտարարեց, որ սահմանը չի բացելու նույնիսկ սեպտեմբերի 11-17-ը նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, վերանայելով իր նախկին որոշումը, հայտարարել է, որ բոլոր անհրաժեշտ սարքավորումները թուրքական կողմի մասնակիցներին կհասցվեն Վրաստանի տարածքով: Նմանատիպ հայտարարություն հնչել է նաեւ Բաքվում:
Այնպես որ իրարանցում ստեղծելու սցենարն ամբողջությամբ պատրաստ է: Թուրք դիվանագետներն ու քաղաքական գործիչները խորամանկ են եւ քաջ գիտեն, թե ինչ են անում: Նրանք հաշվարկված քայլեր են ձեռնարկումՙ իմանալու համար հայկական կողմի հակազդեցությունը: Նրանք գիտակցում են, որ հատուցման օրը մոտալուտ է, եւ Եվրոմիությանը անդամակցելու համար ստիպված կլինեն գերագույն «զիջման» գնալ ու ճանաչել հայերի դեմ կատարված ցեղասպանությունը:
Իրականում այս բոլոր գործողությունները, որոշ առումով, կարելի է ասել, «գլխավոր թատերափորձ» են, եւ թուրքերը կարծես հրճվում են, որ իրենց թշնամին այդքան մասնատված է: Այնպես որ կարիք չունենք սպասելու սեպտեմբերի 19-ինՙ տեսնելու համար, թե ո՞վ հաղթեց կամ ո՞վ պարտվեց: Թուրքիան արդեն իսկ հաղթանակ է գրանցել իր հաշվինՙ տարաձայնություններ սերմանելով հայկական աշխարհում:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.
* Ինչպես արդեն հայտնի է տարածված հայտարարությունից, «Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության խնդրանքին, սրբազան պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան պատարագի արարողությանը»:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

No comments: