Monday, October 25, 2010

102 ՔԱՂԱՔԱՑԻ ԸՆԴԴԵՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

«Լրագիր» 24-10-2010- Հայ ազգային կոնգրեսը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան, որով պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել քաղաքացիների իրավունքները իշխանության կողմից սահմանափակելը: Որպես հայցվոր հանդես են գալիս 102 քաղաքացիներ, որոնք տուժել են մարտի 1-2-ին իշխանությունների գործողություններից:
«Մենք գիտենք, թե մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է տեղի ունեցել, մենք գտնում ենք, որ տեղի է ունեցել Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքների խախտում»,- մեզ հետ զրույցում ասաց հայցվոր կողմի իրավունքները ներկայացնող փաստաբաններից մեկը` Վահե Հովսեփյանը:
Հայցապահանջում մասնավորապես նշված է. «2008 թվականի մարտի 1-ից ՀՀ նախագահի գլխավորությամբ գործադիր իշխանության մարմինների, մասնավորապես, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության կողմից նախաձեռնված ՀՀ քաղաքացիների արտահայտվելու ազատության իրավունքի, հավաքների ազատության իրավունքի, տեղաշարժվելու ազատության իրավունքի խախտումները, 2008 թվականի մարտի 1-2-ը իրականացվող խաղաղ հավաքները բռնությամբ եւ ապօրինաբար դադարեցնելու, սպանություններով զուգորդելու եւ ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների վերոնշված իրավունքները Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտմամբ սահմանափակելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ»:
Մեր այն դիտարկմանը, թե հայցադիմումը բավարարելով Վարչական դատարանը փաստորեն կապացուցի, որ «մարտի 1»-ի գործերով դատավճիռների մեծամասնությունն ապօրինաբար է կայացվել, փաստաբանն ասաց.
«Քրեական գործերով դատավճիռների բովանդակությանը ծանոթ չեմ, բայց ամեն դեպքում, եթե Վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչի այս գործողությունները, բնականաբար, սա ազդելու է դրանց վրա»:
Հայցադիմումին կից դատարանին ներկայացվել են միայն գրավոր փաստաթղթեր, իսկ տեսագրությունները կներկայացվեն դատական գործի քննության ընթացքում: Սակայն Վարչական դատարանը դեռեւս չի որոշել` քննության առնել ՀԱԿ-ի հայցադիմումը, թե ոչ, դա պարզ կդառնա առաջիկա օրերին:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

No comments: