Wednesday, October 6, 2010

Իրավապաշտպան. Հայաստանի իշխանությունների լեզուն բացվում է, երբ խոսքն Ադրբեջանի մասին է, իսկ երբ իրենց մասին է…

News.am. 6-10-2010- Հայաստանի իշխանությունները նպաստում են երկրում անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանն ու արմատավորմանը: Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով երկրում ստեղծված կրիմինալ իրավիճակին: Նա այս համատեքստում մեջբերեց Ադրբեջանում գերի ընկած եւ ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած Մանվել Սարիբեկյանի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից մի հատված, որում նշվում է, որ «արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»:
Իրավապաշտպանը նշեց, որ այդ հայտարարության հեղինակները պետք է նույնը հասցեագրեն նաեւ իրենց իշխանություններին։ «ՀՀ իշխանություններն էլ են ձեւավորում անպատժելիության մթնոլորտ։ Իշխանությունների լեզուն բացվում է եւ շատ շռայլ գնահատականներ են տալիս, երբ այլ երկրի մասին է խոսքը։ Սակայն երբ խոսքը սեփական երկրին է վերաբերում, լեզուները չեն աշխատում»,-նկատեց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով պետք է պարզել, թե, արդյոք, Հայաստանի իշխանությունները ձեռնարկե՞լ են համապատասխան միջոցներ նրան վերադարձնելու ուղղությամբ եւ արդյոք պատշաճ քայլեր կատարե՞լ են նրա կյանքի ու առողջության հարցը պատկան մարմինների ուշադրության կենտրոնում պահելու համար: «Հայաստանի իշխանությունները պետք է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջեն պարզել, թե ի՞նչ հանգամանքներում է ինքնասպան եղել հայ երիտասարդը»,-նկատեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանում գերի ընկած հովիվ Մանվել Սարիբեկյանը մահացել է: Ըստ ադրբեջանական կողմի՝ երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Ադրբեջանական լրատվամիջոցներով «դիվերսանտ» հորջորջվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի հայրենադարձման հարցը, նշենք, քննարկվել էր օրերս Հայաստանում գտնվող Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Արեւելյան Եվրոպայի օպերատիվ գործողությունների ղեկավար Պասկալ Մեժ Վագների հետ, երբ նա հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

No comments: