Sunday, December 27, 2009

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ

2009 քաղաքական տարվա իրադարձությունների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: -Պարոն Մուրադյան, ավարտվում է թե Հայաստանի, թե ողջ աշխարհի համար բարդ ու անկանխատեսելի տարին: Ինչպես կգնահատեք տարվա արդյունքները Հայաստանի համար, ինչ եզրահանգումներ ունեք Հայաստանի արտաքին ու ներքին, տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Եւ ինչ սպասելիքներ կան առաջիկա տարում: -Ինչպես եւ ենթադրվում էր 2008-ի վերջին, այսպես կոչված համաշխարհային տնտեսական ճգնաժամը այնքան աղետալի չէր, որքան ներկայացնում էին լիբերալ տնտեսագետներն ու քաղաքական գործիչները: Իստեբլիշմենտը գերադասեց ինքն իրեն ապահովագրել, եւ առաջադրեց ամենաանբարենպաստ գնահատականներն ու կանխատեսումները: Իրականում պարզվեց, որ ուժի համաշխարհային կենտրոնները բավարար տնտեսական ու քաղաքական ռեսուրս ունեն՝ թույլ չտալու հասարակական անկայունություն եւ հարթելու առավել սուր խնդիրները: Տվյալ ճգնաժամը գլոբալ նշանակություն չունեցավ, հասարակական արտադրության ամբողջության իմաստով, եւ առավելապես ոչ լիկվիդայնության ճգնաժամ էր, ինչը պայմանավորեց տնտեսական քաղաքականության արդյունավետությունը, որն ուղղված էր այդ ոչ լիկվիդայնության կրճատմանը: Դա կանդրադառնա բազային մասնաչափերին, սպառման բնույթին ու ոճին, որը կդառնա այլ, առավել կապված իրական տնտեսությանը: Բառացիորեն մեկ տարում վերլուծության ենթարկվեցին խնդիրները, ընտրվեցին ու կիրառվեցին ճգնաժամը մարելու լծակները, եւ հետագայում, 2-3 տարվա ընթացքում տեղի կունենա ֆինանսական ոլորտի ու սպառման հավասարակշռություն: Մեկ տարի առաջ հայաստանի կառավարությանն առաջարկվեց գնալ վա-բանկ եւ ընտրել բավական ռիսկային տարբերակ, այսինքն ձգտել կենտրոնանալ հնարավոր աղբյուրներից ներդրումներ ներգրավելու վրա, զարգացնելու ենթակառուցվածքներն ու արտադրությունը: Ընդ որում, հնարավոր է, առավել կարեւոր խնդիր էր դիտվում հենց ճգնաժամի պայմաններում իմաստավորել եւ ստեղծել թեկուզ տնտեսական-նախագծային պաշար տնտեսության իրական հատվածի զարգացման համար, որն ապահովեր արտահանման աճը եւ ներմուծման մասնակի փոխարինումը: Տարին ցույց տվեց, որ Հայաստանը, որ վաղուց համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների ու Ռուսաստանի հետ, ստացավ արտաքին զգալի օգնություն, որը կոչված էր ոչ այնքան հարթելու ճգնաժամի սուր անկյունները, որքան ցույց տալու արտաքին գործընկերներին ու հակառակորդներին, որ Հայաստանը չի մնա մեկուսացման մեջ եւ կարող է արտաքին աջակցության հույս ունենալ: Միաժամանակ, ինչպես չկար, այնպես էլ չկա ոչ մի համենայնդեպս հռչակված մտադրություն արդյունաբերության լուրջ զարգացման, մրցունակ լոկոմոտիվային ոլորտների ստեղծման մասին: Հիմնականում խաղարկում էին այն, ինչ նախանշվել էր նախկինում, սակայն ոչ մի կերպ չեն դիտարկվել արդյունաբերության ու արտահանման զարգացման նոր ծրագրեր: Զարմանք է հարուցում, թե ինչպես, եւ գլխավորը՝ ինչ պատճառներով, Հայաստանի տնտեսական ու քաղաքական էլիտան այդքան հետեւողականորեն անտեսում է արդյունաբերության զարգացումը, խուսափելով նոր ձեռնարկություններ ու ոլորտներ ստեղծելու հնարավորությունների քննարկումից: Նույնիսկ տնտեսության դրական պահերը, օրինակ բանկային համակարգի կայունությունը, չբերեցին այս կամ այն ոլորտների զարգացմանը, նույնիսկ ոչ նյութական արտադրության: Իրական հատվածի ոչ մի ոլորտ չզգաց ու չէր կարող ստանալ բանկա-վարկային համակարգը որպես գործընկեր: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ոչ այնքան հարգարժան ու բացահայտ մարգինալ տնտեսագետներն ու քաղաքագետները կանխատեսում էին, թե շատ շուտով լիբերալ ու նեոլիբերալ տնտեսական գաղափարախոսությունն աշխարհում կսպառվի, եւ շատ վտանգավոր է թվում ֆինանսական ոլորտի ու իրական հատվածի հրեշավոր խզվածությունը: Այս մտքերը հիմա էլ են մնում մարգինալիտետի ոլորտում, սակայն, այնուամենայնիվ, լիբերալ տնտեսության խափանում համաշխարհային մասշտաբով տեղի ունեցավ: Դեռ պետք է իմաստավորվի, թե ինչ չափով են համատեղելի լիբերալիզմն ու մոնետարիզմը, սակայն նույնիսկ այսքան հնացած ու արատավոր համաշխարհային մոդելի պայմաններում իրական, մրցունակ հատվածի զարգացումը հնարավոր է, նաեւ ոչ մեծ ու պաշարներով ոչ հարուստ երկրում: Հայաստանում տեղ ունի տնտեսության խնդիրների եւ հայկական տնտեսական էլիտայի թերարժեք մենթալության, կոռուպցիայի բարձր մակարդակի ու ոչ ադեկվատ մենեջմենտի անհամատեղելիությունը: Նման պայմաններում Հայաստանի տնտեսական հետագա զարգացումը տեղի կունենա քարշ եկող աութսայդերի ռիթմով: Ունիվերսալ գնահատականների համակարգը պարզվեց այնպես է ձեւավորվել, որ Հայաստանը, նաեւ սփյուռքը ենթարկվեցին հզոր հարձակման, որը դեռեւս լիովին չի գիտակցվել: Տվյալ խնդիրն այդքան էլ բարդ չէ գիտակցելու համար: Հայերը կուզեին շախմատ խաղալ, սակայն նրանց ցույց են տալիս զառը, որտեղ չափազանց շատ են պատահականությունները: -Ինչպե՞ս արձագանքեց 2009 թ. Խնդիրներին Հայաստանի քաղաքական դասը, ինչո՞վ դուրս եկավ երկիրը արտաքին քաղաքականության ակտիվ փուլից, որում հայտնվել էր հայ-թուրքական հարաբերության կարգավորման հետ կապված: -2009 թվականի քաղաքական բաղկացուցիչը Հայաստանի համար առավել տխուր էր: Ինչպես նկատել ենք մամուլում, հասարակական լայն հատվածներում թվում էր տեղի էր ունենում ակտիվ ու բազմակողմ քննարկում: Իրականում, ոչ մի քննարկում, ըստ էության, չեղավ, փոխարենը տեղի ունեցավ բավական պարզունակ փոխադարձ հայհոյանք կառավարության վճարած ֆունկցիոներների ու բոլոր առումներով ինքզինքը վարկաբեկած ընդդիմադիր ու պսեվդոընդդիմադիր հատկություններով քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Արդյունքում պարզվեց, որ Հայաստանում տեղի է ունենում ոչ թե հասարակական-քաղաքական պայքար, այլ հարմար ներկայացումներ արտաքին շահագրգիռ ուժային կենտրոնների համար: Տվյալ, քաղաքական գործիչների ու գավառական բնույթի գաղափարախոսների միջեւ գործնականում խուլիգանական լեզվակռվում շոշափվում էին հարցեր, որոնք կարող էին վնաս հասցնել ընդդիմախոսներին, բայց ոչ խնդրի էությանը: Գործնականում, չքննարկվեցին հայ-թուրքական “կարգավորման” նախագծի գործոնները եւ նպատակները: Պետք է լավ հասկանալ երկու բաղադրիչ: Նախ, ԱՄՆ տվյալ նախաձեռնությունը, նրա առաջարկած նախագծի ողջ անորոշությամբ հանդերձ, ցանկացած պարագայում ուղղված էր Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունները զսպելուն, նրան արեւելյան ուղղությամբ էքսպանսիայի մասով որեւէ փաստարկներից զրկելուն, Թուրքիայի վրա ճնշման ավանդական հայկական գործոնը հաստատելուն ու ուժեղացնելուն: Երկրորդ, տվյալ նախագիծը ԱՄՆ համար ամենեւին էլ առաջնահերթային չէ, եւ նրանք չեն պատրաստվում դրա իրականացման համար բավարար քաղաքական ռեսուրսներ ծախսել: Թուրքիայի վերաբերյալ Բարաք Օբամայի ռեպլիկներն առավելապես ցուցադրական ու քարոզչական բնույթ ունեին, այսինքն՝ “գործն արված է, կարելի է նաեւ մոռանալ”: Ոչ ԱՄՆ, ոչ Եվրամիությունը (ընդ որում, ոչ միայն առաջատար եվրոպական պետությունները, այլ հենց Եվրամիությունը), ամենեւին էլ շահագրգռված չեն հայ-թուրքական հարաբերության կարգավորմամբ, այլ “հայկական գործոնի” տրանսֆորմացմամբ եւ մոդեռնացմամբ, որպես Թուրքիային զսպելու երկու տասնյակ գործոններից մեկը: Թուրքիայի վերածվելը տարածաշրջանային մակրոտերության, չնայած դիվանագիտական ռեվերանսներին ու հնարքներին, սպառնալիք է ոչ միայն Արեւմուտքի, այլեւ Արեւելքի տերությունների համար, ինչպես Ռուսաստանը եւ Իրանը: Թուրքիայի շուրջ օղակը կսեղմվի, եւ այն կձգեն Հայաստանի բառացիորեն բոլոր մեծ ու փոքր գործընկերները: Եւ պետք էր արդյոք “ռազմատենչ գավառացիների” այս ողջ դիմակահանդեսը, ովքեր իրենց երեւանյան քթից այն կողմ չեն տեսնում: Անհեթեթության բարձրակետը կլիներ, եթե թուրքերը կամ ամերիկացիները, կամ մեկ ուրիշը, Հայաստանին մեղադրեին “կարգավորման” տվյալ գործընթացը տապալելու մեջ: Ցնցող, սակայն սպասելի ու տրամաբանական էր, որ իշխող վարչակարգն ու ակտուալ ընդդիմությունը մրցակցում են այս թվացյալ “կարգավորումը” թուրքերի հետ մինչեւ վերջ հասցնելու “իրավունքի” համար: Նույնիսկ այսքան ծավալված արտաքին մարտահրավերը չշեղեց ուշադրությունը հայկական քաղաքական կյանքի գլխավոր արատներից: Հայկական քաղաքական դասն ընդունակ չէ քաղաքական ակտուալ պայքարի մեջ ներգրավել նոր սերնդի ու բնակչության ավելի լայն շերտերի, քանի որ մեր երկրի բնակչությունը ինտուիտիվ ընկալում է իրականությունը: Հայաստանում քաղաքական պայքարը, ներառյալ պառլամենտարիզմի գործընթացները եւ իրավական պետություն կառուցելու խնդիրների իրագործումը, ոչ այլ ինչ է, քան քրեական բացահայտ մի խմբավորման պայքար մյուսի դեմ: Արեւմտյան հանրությունը հոռետեսորեն ու շփոթմունքով է նայում հայկական ընդդիմությանը, նրա մեջ չտեսնելով այլընտրանքային գործընկերոջ, եւ դրա հետ կապված ոչ արմատական, ոչ էլ չափավոր ընդդիմությունը Հայաստանում այդպես էլ չստացավ անհրաժեշտ աջակցությունը: Ինչ վերաբերում է հայկական էլիտային ամբողջությամբ, այն այդպես էլ չդարձավ համաշխարհային քաղաքական էլիտայի թեկուզ հեռավոր, անհրաժեշտ պրոֆիլի սպեկտրում մի տարր: Աղետ ամեն դեպքում չի լինի, պարզապես կգա հատուցման պահը: Եւ եթե հայկական էլիտան համաշխարհային առաջին էշելոնի քաղաքական հարաբերություններում նույնիսկ պատրաստված է ինչ որ նշանակալի բանի, ապա միայն հատուցման տրամաբանությանը եւ իտերացիային: -Ձեր խոսքերից կարելի է հասկանալ, որ դուք շատ ցածր գնահատական եք տալիս հայ հասարակության ներկայիս ինտելեկտին եւ կառավարման ընդունակություններին: Կա՞ ապագայի հույս: -Հայաստանը, որպես երկիր, որ հավակնում է իր հասարակության ինտելեկտուալությանը, պարտություն է կրել, երկիրը հայտնվել է խոր եւ ամոթալի գավառականության մեջ: Երկիրը ղեկավարել եւ ղեկավարելու են կրիմինալիտետի մնացորդները: Պարզվեց, որ այնպիսի հասկացություն, ինչպես “հայկական մտավորականությունը”, գոյություն չունի եւ թերեւս երբեք էլ չի եղել: Երկրում լիովին բացակայում կամ ավարտում է իր խղճուկ գոյությունը մարդկանց գիտատեխնիկական եւ ստեղծագործական խմբավորումը: Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղ գոյակցությունը Հայաստանին ոչ մի առավելություն, բարենպաստ հեռանկարի ոչ մի հույս չի տվել: Երկրում ահռելի քանակության վերջնականապես մոլորված, անազնիվ մարդիկ կան, որոնց հասարակական իդեալն ու արժեքային վարքը համարվում են դասալքության զանազան ձեւերը, նախեւառաջ՝ հոգեւոր դասալքությունը: Միեւնույն ժամանակ, հայկական իրականությունը ցուցադրում է նոր սերնդի ծագումն ու ուժեղացումը, որ զուրկ չէ իդեալներից ու անձնազոհության ընդունակությունից: Նրանք զարմանալի մարդիկ են, որոնք հազարավոր են, եւ շուտով իշխող էլիտաների համար անհարմարավետ է լինելու ապրել մի երկրում, որտեղ կան նման մարդիկ: Մինչ այդ, այս մարդիկ բավական երկար ժամանակ քաղաքական ու հասարակական ոլորտում գործելու է ցանցային կազմակերպական կառույցների ձեւաչափով: Սրանք պոտենցիալ ուժեղ կառույցներ են, որ ենթադրում են ոչ ստանդարտ լուծումներ, ինչ որ առումով իռացիոնալ մտածողությամբ ու վարքով, եւ դրա հետ մեկտեղ՝ ենթադրելով իդեալիստական պրագմատիզմ: Վաղ թե ուշ, տվյալ ցանցային կառույցները կհարմարվեն նոր պայմաններին եւ ձեռք կբերեն ոչ միայն միաչափ պարամետրեր, այլեւ կսկսեն ենթարկվել հորիզոնական-զուգահեռ տրամաբանության եւ ոճի: Պետք է վստահ լինել, որ ցանցային կառույցների քննարկում եւ որոշ մասով նաեւ նախագծում տեղի է ունենում թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում, թե այլ երկրներում: Հայաստանի ապագան շատ բանով կախված է նրանից, թե դրանք որքանով ամբողջապես կամ մասամբ ինքնուրույն կլինեն: Սակայն ներկայիս քաղաքական ու սոցիալական վնասարար խմբավորումները նույնպես դեռ չեն կորցրել իրենց գործառույթները եւ կարող էին ավելի “ստեղծագործաբար” կատարել սեփական աննախանձելի դերը “մնացյալ պատմության” մեջ՝ քաշել ռետինը քաղաքական սպասարկման ընդունված հիերարխիայի շրջանակներում: Այսինքն, մոտակա տարիներին մեր երկրին այլ բան չի սպասում, քան նախկինի պես ձգել ռետինը ժողովրդավարության, պառլամենտարիզմի եւ այլնի զարգացման ձեւաչափում: Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին: «Լրագիր» 25-12-2009

No comments: