Tuesday, October 19, 2010

Սերժ Ավեդիքյան. Իմ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին չէ

Tert.am. 19-10-2010- «Շների պատմություն» (Chienne d’histoire) ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին չէ: Այս մասին թուրքական Milliyet օրաթերթի հետ զրույցում ասել է ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, ով որպես ժյուրիի անդամ մասնակցում էր Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնին:
Այն հարցին, թե «Ձեր ֆիլմը ցուցադրվել է Թուրքիայում: Ինչո՞վ են տարբերվում արձագանքները Թուրքիայում և մյուս վայրերում», Սերժ Ավեդիքյանն ասել է.
«Այո, շատ ընդգծված մի տարբերություն կա, որովհետև միջազգային մամուլը, ուշադրություն դարձնելով իմ հայկական ծագման վրա, այդ ֆիլմը փորձում է ներկայացնել որպես բռնագաղթի ալեգորիա: Սակայն ես երբեք նման բան չեմ ասել»։
Անդրադառնալով հայկական Սփյուռքի և Թուրքիայի հարաբերություններին` ֆրանսահայ ռեժիսորն իր բոլոր ընկերներին կոչ է արել գնալ Թուրքիա և շփվել թուրքերի հետ:
«1980-ականներին Թուրքիա մեկնելու հետ կապված մտավախություններ ունեի: Այժմ էլ իմ շրջապատում կան նման զգացմունքներ ունեցող մարդիկ: 1915–ից անցել են տասնյակ տարիներ, փոխվել են սերունդներ, սակայն մարդիկ շարունակում են զգալ այդ ցավը»,- հայտարարել է Ավեդիքյանը։
Ռեժիսորն ասել է, որ Թուրքիայի հետ կապված իր պատկերացումներն սկսել են փոխվել այն բանից հետո, երբ ինքը ծանոթացել է, օրինակ, «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչ մտավորականների հետ։
«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում սկսեցին էլ ավելի արագ քայլեր իրականացնել սեփական անցյալի հետ հաշվի նստելու ուղղությամբ:
«Բոլոր իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս գալ Թուրքիա, տեսնել Անատոլիան: Պետք է ազատվեն իրենց պատկերացումներում կառուցած Թուրքիայի պատկերից, պետք է խոսեն այստեղ բնակվող մարդկանց հետ»,- ասել է ֆրանսահայ ռեժիսորը` ավելացնելով, որ այդ անցումային փուլում որոշիչ դերակատարություն կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը:
Հիշեցնենք, որ Սերժ Ավեդիքյանի 15 րոպեանոց «Շան պատմություն» անիմացիոն ֆիլմն այս տարի Կաննի կինոփառատոնում արժանացել էր «Փոքր ոսկե արմավենի» մրցանակին: Անիմացիոն ֆիլմի իրադարձությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում 1910թ., երբ իշխանությունները Կոնստանդուպոլսի 30 հազար փողոցային շներին բնաջնջելու նպատակով նրանց տեղափոխում են անմարդաբնակ կղզի։ Քննադատների կարծիքով` Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հալածանքի ակնարկ է պարունակում։

No comments: