Wednesday, October 20, 2010

Ընտրական փոփոխություններ Հայաստանում. անձնագրում դրված կնիքը մի քանի օրից կանհետանա

Tert.am. 20-10-2010- Վերջին երկու համապետական ընտրություններից հետո մի շարք միջազգային դիտորդական կազմակերպություններ Հայաստանին առաջարկներ են ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, այդ կազմակերպությունների թվում է նաև ԵԱՀԿ–ի ԺՄԻԳ–ը։
Նրա խոսքով՝ ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են այդ առաջարկներով։ Սահակյանը տեղեկացրեց, որ այս հարցի վերաբերյալ ԺՄԻԳ–ը հանդես է եկել բավական ծավալուն զեկույցով։
Պատգամավորը լրագրողներին ներկայացրեց փոփոխություններից մի քանիսը։ Այսպես, քվեարկության գաղտնիությունը ապահովելու համար քվեարկությունից հետո անձնագրում դրվող կնիքը մի քանի օրից անհետանալու է։
Սահակյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունները կանդրադառնան նաև ընտրական ցուցակներում կանանց թվի քվոտային։ «ՀՀԿ թիմը որոշում է ընդունել, համաձայն որի, ցուցակների առաջին տասնյակում պարտադիր մեկ կին է պետք է լինի», – ասաց նա։
Սա միջազգային կազմակերպությունների պահանջն է, քանի որ Հայաստանում և հատկապես գյուղական համայնքներում կանայք քաղաքական կյանքում պասիվ են։
Միջազգային կազմակերպությունների պահանջներից մեկն էլ վերաբերում է թեկնածուների կողմից քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցների հավասար օգտագործմանը։
Փոփոխությունները կկարգավորեն նաև թեկնածուների, այս կամ այն քաղաքական ուժի գովազդային պաստառների հավասարակշռությունը։
Սահակյանը հավելեց, որ նախագծի քննարկումները և առաջարկների ընդունումը կշարունակվեն մինչև նոյեմբերի 11–ը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ընդդիմությունը ներկայացրել է որևէ առաջարկ։ Պատգամավորի խոսքով՝ ներկայացված առաջարկները հիմնականում վերաբերում են ընտրական հանձնաժողովների ձևավորմանը։ Նա նաև հավելեց, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պնդում են, թե ընտրությունների կազմակերպման և անցկացման ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի պետությունը, իսկ մյուսներն առաջարկում են, որ այդ պատասխանատվությունը կրեն քաղաքական ուժերը։
Սահակյանը կոնկրետ անուններ չնշեց, միայն ասաց, որ ՀԱԿ–ը միշտ էլ կողմ է եղել առաջին տարբերակին։
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ նախագծի ներկա օրինակը, որպես աշխատանքային, արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի կողմից որևէ առարկություն չի եղել։

No comments: