Tuesday, October 19, 2010

ՈՎ ԵՍ ԴՈՒ ՀԻՄԱ

«Լրագիր» 19-10-2010- Հայաստանն Ադրբեջանի հետ սկսում է պատմական բանավեճ, դրա անունը դնելով պատասխան ադրբեջանական հակահայ քարոզչությանը: Սերժ Սարգսյանը սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպմանը բավական երկար ճառ է ասում պատմական թեմայով, որը ներկայացվում է որպես պատասխան Ադրբեջանի նախագահի ճառերին:
Որ Ադրբեջանի հակահայ քարոզչությունը եւ նախագահի մակարդակով անգամ պատմական խեղաթյուրումները պետք է ստանան պատասխան, թերեւս կասկած չկա: Հարցն այն է, թե ինչ մակարդակով եւ որ լսարանի առաջ: Հայաստանի նախագահը խոսում է հաղթող եւ պարտվող կողմերի մասին, հայտարարում, որ պարտվող կողմը չի կարող խաղաղության պայմաններ թելադրել:
Ճիշտ է, բայց արդյոք հաղթող կողմի նախագահին վայել է պատմական հակահարվածներ տալ պարտված կողմի նախագահին: Միթե հաղթող երկրի նախագահը չունի իր հասարակությանը, սփյուռքահայությանն ու աշխարհին ասելու ավելի կարեւոր բաներ: Ադրբեջանի նախագահի պատմական անհեթեթություններին թող պատասխանեն Հայաստանի պատմաբանները, որոնք կարող են հանդես գալ միջազգային հեղինակավոր պարբերականներում: Իսկ Հայաստանի իշխանությունն էլ նրանց թող օգնի այդ, այսինքն լսարան, խոսքի հարթակ գտնելու հարցում:

Հայաստանի նախագահը թող իր համար խոսքի ավելի լուրջ թեմա գտնի, քան ադրբեջանական անլրջություններին լուրջ դեմքով պատասխանելը: Եթե Հայաստանում որեւէ մեկը համարում է, թե աշխարհը լսելով Ալիեւին, հետո նստում սպասում է, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը, որ ինքն էլ որոշի, թե ի վերջո պատմականորեն ում հողն է այս կամ այն տարածքը, ապա չարաչար սխալվում են:

Նախ, աշխարհում վաղուց արդեն շատ լավ գիտեն այն, ինչ պետք է իմանալ, եւ այստեղ Ալիեւի պատմագիտական ջանքը որեւէ էական դեր չի խաղում: Պետք չէ անելիքի բացակայության, կամ բուն անելիքից խուսափելու ցանկության պատճառով լրջացնել ալիեւյան անհեթեթությունները, ավելորդ կշիռ տալ դրանց, որ դրանց պատասխանն էլ սեփական հանրությանը եւ հայությանը ներկայացվի որպես ծանրակշիռ եւ արժեքավոր մի քայլ:

Հայության առաջ ներկայում կանգնած գլխավոր խնդիրները ադրբեջանական պատմական խեղաթյուրումների սրբագրումը, խմբագրումը կամ ճշգրտումը չէ, առավել եւս նախագահական մակարդակով: Հայաստանի ներկայիս խնդիրը համաշխարհային արժեհամակարգին սեփական համարժեքությունը, այդ արժեհամակարգի համար սեփական պատասխանատվության բաժինը կրելու ունակությունը ցույց տալն է: Այլ խոսքով ասած, Հայաստանի գլխավոր մարտահրավերն այսօր արդիական պետություն լինելն է, դրա ներուժը գործնականում դրսեւորելը: Որովհետեւ, մեծ հաշվով, աշխարհում չեն նայում, թե դու ով էիր անցյալում, այլ նայում են, թե դու ով ես հիմա եւ ինչ կարող ես լինել ապագայում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: