Wednesday, October 20, 2010

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան. «Համանախագահները նախկինում էլ էին ԼՂ մայրաքաղաքն այդպես անվանում»

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակցին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը պատմել է ԱՄՆ-ում հայկական շրջանակների հետ իր հանդիպումների մասին՝ նշելով, թե այցելությունը ԱՄՆ-ի հայաշատ խոշոր քաղաքաներ արդեն ավանդույթ է դարձել։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց վերջին հայտարարությունում ԼՂ մայրաքաղաքը Խանքենդի անվանել և արդյոք դա Բաքվի կողմից ճնշումների հետևանքով իրականացվող քաղաքականություն չէ՞, ԱՄՆ դեսպանն ասել է, թե քաղաքականության որևէ փոփոխություն չի տեսնում.
-Ես ծանոթ եմ հայտարարությանը։ ԼՂ մայրաքաղաքը ԵԱՀԿ ՄԽ կողմից անվանվել է Ստեփանակերտ/Խանքենդի. համանախագահները նախկինում էլ էին ԼՂ մայրաքաղաքն այդպես անվանում։
Անդրադառնալով Բաքվում Մեթյու Բրայզային ԱՄՆ դեսպան նշանակելու հարցին՝ Մարի Յովանովիչն ասել է, թե այդ հարցը պետք է որոշի ԱՄՆ Սենատը։
-Մեթյու Բրայզան նախագահի և պետքարտուղարի վստահությունն է վայելում։ Նա մեծ փորձ ունի այդ պաշտոնի համար, և հասկանալի է՝ մենք հուսով ենք, որ նրա թեկնածությունը կհաստատվի։ Սակայն, կրկնում եմ, այդ հարցը պետք է որոշի ԱՄՆ Սենատը,-նշել է նա։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և պատասխանելով գործընթացը վերսկսելու հնարավորության վերաբերյալ հարցին, դեսպանն ասել է.
-Ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը ընդմիշտ փակ է լինելու։ Կարծում եմ, որ ինչ-որ կետում հարմար պահ կստեղծվի, իսկ ԱՄՆ-ը միշտ պատրաստ է ն առաջ շարժվելու հարցում օգնել կողմերի։ Կան արձանագրություններ։ Մենք հուսով ենք, որ ինչ-որ պահի կողմերը կցանկանան վավերացնել դրանք և առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում։ Հիմա մենք կենտրոնացած ենք երկու երկրների ժողովուրդներին մերձեցնելու փորձերի վրա։ Տարբեր միջոցներով փորձում ենք կարգավորել փոխհարաբերությունները երկու քաղաքացիական հասարակությունների միջև։

No comments: