Wednesday, October 20, 2010

Հայաստանի ԱԳ նախարար. Համանախագահների դիրքորոշման մեջ դրական էվոլյուցիա է նկատվում

News.am. 20-10-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման մեջ դրական էվոլյուցիա է նկատվում։ Հոկտեմբերի 20-ին այս մասին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Եթե առաջ ավելի շատ խոսվում էր տարածքային ամբողջականության սկզբունքի, իսկ հետո՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման մասին, ընդ որում նշվում էր, որ ավելի կարեւոր է տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա այժմ շեշտվում է, որ երկու սկզբունքներն էլ հավասար են»,- հայտարարեց նախարարը՝ հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, որ միջազգային իրավունքի բոլոր երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում, անբաժանելի են։ Նալբանդյանի խոսքով, համանախագահների այդ հայտարարությունը հասցեագրված էր հենց Բաքվին։ «Չկա մի հակամարտություն, որի շուրջ բոլոր համանախագահների դիրքորոշումները համընկնեն։ Այդ առումով ղարաբաղյան հակամարտությունը միակն է»,- նկատեց նախարարը։

No comments: