Monday, October 25, 2010

Կամ դեմ եք քվեարկում, կամ կրթությունը տանում եք վերջնական կործանման. «վերջնագիր» պատգամավորներին

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական Նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչով դիմում է պատգամավորներին։
Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Անցած վեց ամիսների ընթացքում, երբ առաջ քաշվեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, բյուրեղացան մի շարք գործընթացներ, որոնք հերթական անգամ ապացուցեցին` մեր կրթական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի։ Սակայն այս ժամանակահատվածը մեզ նաև ցույց տվեց, որ կրթական համակարգի այս վիճակի հիմնական պատճառը կրթության կառավարման և կրթական համակարգի համար օրենքներ գրող պատասխանատուների անիրազեկությունն ու անգրագիտությունն է:
Դիմում ենք Ազգային ժողովի օվալաձև նոր դահլիճում հավաքված մեր «ընտրյալ» Մեծամասնությանը. հիմա մենք հստակ ջրբաժանի առաջ ենք կանգնած` կամ միասին դեմ ենք արտահայտվում այս օրինագծերին և լծվում ենք կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը, կամ դուք մեր կրթությունը տանում եք վերջնական կործանման: Իշխող կոալիցիայի պատգամավորները նախաձեռնող խմբի անդամների հետ անհատական հանդիպումների ժամանակ միշտ հավաստիացրել են, որ կիսում են մեր մտահոգությունները, սակայն կքվեարկեն այնպես, ինչպես որոշում կկայացնի ղեկավարությունը: Մենք կոչ ենք անում այդ պատգամավորներին` ինչպես զինվորը կարող է չկատարել իր ապաշնորհ վերադասի ապօրինի հրամանը, դուք էլ այսօր պարտավոր եք դեմ քվեարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով դուք կխուսափեք ձեր ողջ կյանքի ընթացքում այս խարանը կրելուց և սերունդների նզովքից:
Մեր կոչն անտեսելու և օրինագծերին կողմ քվեարկելու դեպքում, վստահեցնում ենք, որ ողջ ձեր քաղաքական գործունեության ընթացքում, ամեն հնարավորության դեպքում, հիշեցնելու ենք ձեզ այս օրերի ձեր կործանարար դիրքորոշման համար անհատական պատասխանատվության մասին»։

No comments: