Thursday, October 14, 2010

Բժիշկները վերականգնել են աֆղանուհու քիթը

Tert.am. 14-10-2010- Աֆղանուհի Այիշան, որի «այլանդակված» դեմքով նկարը հայտնվել էր ամերիկյան հայտնի Time ամսագրի օգոստոսյան համարի շապիկին, այժմ ունի արհեստական քիթ։
Հիշեցնենք, որ 18-ամյա աղջկա նկարը թերթի շապիկին հայտնվել էր «Ինչ կլինի, եթե թողնենք Աֆղանստանը» խորագրով։
Վիրահատությունն իրականացրել է կալիֆոռնիացի վիրաբույժ Փիթեր Գրոսմանը, որը Այրվածքների ֆոնդի հիմնադիրն է։ Ֆոնդն ակտիվ քարոզարշավ է իրականացնում կնոջ նկատմամբ բռնությունների դեմ, ինչպես նաև իրականացնում է անվճար պլաստիկ վիրահատություններ։
Հիշեցնենք, որ Այիշան դեռ օգոստոսին լրագրողներին հայտնել էր, որ իր ականջները և քիթը կտրել է սեփական ամուսինը այն բանի համար, որ նա փորձել էր հեռանալ ամուսնուց։
Այիշան ամուսնացել էր թալիբ զինյալի հետ։ Ամուսնու ընտանիքն իր հետ շատ վատ էր վարվել, աղջիկը որոշել էր փախչել տանից, ամուսինն էլ բռնել և դաժանաբար պատժել էր նրան։
Նշենք, որ Այիշայի հետ պատահածը բուռն քննարկումների առիթ դարձավ դեռ օգոստոսին. ոմանք դժգոհություն հայտնեցին նկարի կապակցությամբ՝ նշելով, որ այդ նկարի հրապարակումն ամերիկյան ռազմական ներկայությունը Աֆղանստանում արդարացնելուն ուղղված էմոցիոնալ շանտաժ է։
Ոմանք էլ ընդհանրապես բողոքեցին նման դաժան նկարը հայտնի ամսագրի շապիկին պատկերելու համար։
Այս շաբաթվա սկզբին, Այիշան Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենենգերի կնոջ՝ Մարիա Շրայվերի ձեռքից անձամբ ստացավ «Համբերատար սիրտ» պարգևը։

No comments: