Tuesday, October 19, 2010

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻ ԽՆԴԻՐԸ

«Լրագիր» 19-10-2010- Հայկական լրատվամիջոցները գոյություն ունեն այն բանի համար, որ միայն հակահարված տան հակահայկական պրոպագանդային, դե մի քիչ էլ աջակցեն ցեղասպանության ճանաչմանն ու ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը: Հենց այդ տպավորությունն էր կարելի ստանալ Սերժ Սարգսյանի ճառից, սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այլ խնդիրներ, ելույթի ընթացքում, չառաջադրվեցին:
Զգացողությունն այնպիսին է, որ Հայաստանը չունի ոչ մի խնդիր, եւ լրագրողները պետք է զբաղվեն միայն նրանով, որպեսզի ապացուցեն իրենց հողում ապրելու իրավունքը անհասկանալի է թե ում:
Նախ, իրավունքը խոսքերով չէ, որ ապացուցվում է, այլ տվյալ հողում ստեղծագործ կյանքով: Բայց, մյուս կողմից, օտար պրոպագանդային հակահարված տալու համար, պետք է ունենաս ազդեցիկ լծակներ եւ միջոցներ: Ինչպես հայտնի է, ամենաազդցիկ լրատվամիջոցներ են հանդիսանում օբյեկտիվ, հեղինակավոր, ֆինանսապես եւ քաղաքականապես անկախ, ընթերցողների եւ հեռուստադիտողների մոտ հարգանք վայելող լրատվամիջոցները: Այլ խոսքով ասած, լրատվամիջոցներ, որոնց հավատում են: Հայաստանի քաղաքական դասն արեց ամեն ինչ, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է քիչ լրատվամիջոց մնա, որոնց հավատում են:
Հեռուստատեսությունն արդեն վաղուց հաշիվ չէ, իսկ այն թերթերը, որոնց չի հասցրել փչացնել իշխանությունը, արմատականացրել է ընդդիմությունը: Ում օգնությամբ է իշխանությունը պատրաստվում քարոզչություն ծավալել ընդդեմ հայատյացների: Այո, կարելի է նյութեր պատրաստել նախագահական աշխատակազմում եւ «իջեցնել» «իրենց» ԶԼՄ-ներին, կարելի է լավ վճարել որոշ լրագրողների, կարելի է նույնիսկ համոզել որոշ հայրենասերների, որ ներկայում գլխավոր խնդիրը հանդիսանում է ադրբեջանական պրոպագանդային հակադարձելը: Բայց արդյոք պարզել է ինչ որ մեկը, թե ինչ ազդեցություն են ունենում այդ հրապարակումները հանրության վրա:

Քաղաքացիները կարող են հավատալ միայն այն ԶԼՄ-ներին եւ լրագրողներին, որոնք իրադարձություններն ու երեւույթները ներկայացնում են ոչ թե իրենց հովանավորների` քաղաքական կամ ֆինանսական, այլ քաղաքացիների շահի տեսանկյունից: Որովհետեւ գլխավոր հարցը, որ հետաքրքրում է ընթերցողին կամ հեռուստադիտողին, այն է` թե ինձ ինչ է լինելու դրանից: Տնտեսության վերականգնման մասին (իբր ճգնաժամն անցել է), պատմական իրավունքի մասին, ազգային միասնության մասին ամպագոռգոռ խոսքերը բախվում են իրականությանն ու բաժանվում հազարավոր բեկորների: Եվ այդ բեկորների վրա արդեն անհնար է արտաքին պրոպագանդա կառուցել:

Հասկանալի է, որ հրապարակ նետելով ադրբեջանական քարոզչությանը հակադարձելու թեման, իշխանությունը ցանկանում է զբաղեցնել հայ լրագրողների միտքն ու գրիչը, որպեսզի նրանք ժամանակ չունենան գրել հայկական իրականության մասին: Բայց, մյուս կողմից, “գրավելով” ինֆորմացիոն դաշտը, իշխանությունը կորցրել է իր գլխավոր ներուժը` ընթերցող եւ հեռուստադիտող լսարանը, որը վաղուց արդեն չի հավատում ոչ լրատվամիջոցներին, ոչ նրանց տերերին:

Եթե իշխանությունն իսկապես ցանկանում է ուժեղացնել ազգային քարոզչությունը, նա պետք է նպաստի ազգային լրագրության կայացմանը, որպեսզի վերադարձնի լսարանի վստահությունը: Առաջին քայլը կարելի է անել արդեն այս շաբաթ, կազմակերպելով հեռուստաարտոնագրերի տրամադրման նորմալ մրցույթ: Վերջիվերջո, լսարանը դա հիմնական ընտրազանգվածն է, իսկ այն վաղուց արդեն խորշում է հեքիաթներից եւ քարոզչական ակցիաներից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: