Tuesday, October 19, 2010

Հայաստանում ԱՄՆ դեսպան. Մեթյու Բրայզան վայելում է Օբամայի եւ Քլինթոնի լիակատար վստահությունը

News.am. 19-10-2010- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, պատմելով ամերիկահայ շրջանակների հետ իր հանդիպումների մասին, ասել է, թե Ֆիլադելֆիայում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում կայացած այդ հանդիպումների ընթացքում բավական օգտակար ու հետաքրքիր շփումներ է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նրա խոսքով, քննարկվել է հարցերի լայն շրջանակ` սկսած հայ - թուրքական հարաբերություններից, Հայաստանի անվտանգությունից մինչեւ ժողովրդավարությանն առնչվող խնդիրներն ու Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելը:
«Հայ համայնքը շատ հետաքրքրված է այս հարցերով եւ առհասարակ այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է դեսպան Յովանովիչը` նշելով, որ ինքը քննարկված բոլոր հարցերի շուրջ ներկայացրել է Միացյալ Նահանգների տեսակետները:
ԱՄՆ դեսպանը պատասխանել է նաեւ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը վերաբերող հարցին, որում իբրեւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք նշված էր նաեւ ադրբեջանական «Խանքենդի» անվանումը: «Դա փոփոխություն չէ, միջնորդները հղում են արել այդ անվանմանը նաեւ նախկինում», - ասել է Յովանովիչը:
Սենատում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածության առկախմանը վերաբերող հարցին Մարի Յովանովիչն արձագանքել է. «Դա, ակնհայտորեն, Միացյալ Նահանգների Սենատի վճռելիք հարցն է: Մեթյու Բրայզան վայելում է նախագահի եւ պետքարտուղարի լիակատար վստահությունը: Հուսով ենք, որ նա կհաստատվի: Սակայն, կրկնում եմ, դա Միացյալ Նահանգների Սենատի վճռելիք հարցն է»:

No comments: