Tuesday, October 19, 2010

Քննարկվելու է Երուսաղեմի աթոռակից պատրիարքի ընտրության հարցը

Panorama.am. 19-10-2010- «Հայ Երուսաղեմ» պարբերականի գլխավոր խմբագիր Նահապետ Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Երուսաղեմի 92-ամյա պատրիարքին աթոռակից պատրիարք ունենալու խնդրի մասին:
Ն. Մելքոնյանը նկատեց, որ այսօր պատրիարքությունը անդամալույծ վիճակում է, իսկ պատրիարքը «շարժվելու խնդիրներ ունի»: Իսկ այդպիսի վիճակը, ըստ բանախոսի, հանգեցնում է պատրիարքարանի խդիրների լուծման դժվարությանը:
Նա հայտնեց, որ նոյեմբերի 8, 9, 10-ին Երուսաղեմում տեղի է ունենալու միաբանական ժողով, որտեղ քննարկվելու են բոլոր առաջարկները: Ն. Մելքոնյանը նշեց, որ ակնկալվում է ժողովից ստանալ աթոռակից պատրիարքի հարցի, պատրիարքին կից հոգաբարձուների խորհրդի վերականգնման, պատրիարք-հոր տարիքի սահմանափակման վերաբերյալ հարցերի պատասխանները:
Բանախոսը նկատեց, որ իրենց առջև ծառացած շատ խնդիրներ կան, բայց աթոռակից պատրիարքի հարցն ամենակարևորն է:
Վերջում նա նշեց, որ ներկայում շրջանառվում է աթոռակից պատրիարքի պաշտոնին հավակնության երկու թեկնածուի անուն:

No comments: