Friday, October 15, 2010

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԻՐ ԲԱՌԱՊԱՇԱՐՈՎ ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ Է

Հայաստանը լռում է, Արցախը լռում է, ո՞վ է համանախագահների առաջն առնելու
«ԱԶԳ, 15-10-2010 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այս տարվա անցնող իննուկես ամիսների ընթացքում տարածել է շուրջ երկու տասնյակ հայտարարություն, որոնք բոլորը տեղադրված են ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում (www.osce.org): Ընդհանրապես, միջազգային կազմակերպությունների հայտարարություններում, զեկույցներում, բանաձեւերում եւ հրապարակումներում փորձ է արվում չեզոքություն եւ հավասարակշռություն պահպանել: Այդ տեքստերից ու դրանցում օգտագործվող բառապաշարից, հատկապես երբ դրանք վերաբերում են էթնիկ հակամարտություններին, սովորաբար դժգոհ են մնում ներգրավված երկու կամ բոլոր կողմերը: Բայց դա է միակ ճանապարհը, այլապես, եթե հայտարարություններն ու բանաձեւերը բխեն մի կողմի շահերից, ապա այլեւս անիմաստ կլինի խոսել միջնորդությունից:
Նույնը վերաբերում է ԵԱՀԿ-ին ու նրա հովանու տակ գործող Մինսկի խմբին: Սակայն վերջին շրջանի հայտարարությունները, հատկապես երեկվանը (14 հոկտեմբեր, 2010), բոլորովին էլ չի խոսում համանախագահների ընտրած բառապաշարի չեզոքության ու անկողմնակալության մասին: Խոսքը Վիեննայիցՙ ԵԱՀԿ կենտրոնակայանից, համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի ու Իգոր Պոպովի անունովՙ անգլերենով տարածած հայտարարության մասին է: Կեսէջանոց տեքստում երկու անգամ օգտագործվել է «դե ֆակտո տեղական իշխանություններ» (de facto local authorities) եւ «Ստեփանակերտի/ Խանքենդիի դե ֆակտո իշխանություններ» (de facto authorities in Stepanakert/Khankendi) տերմինը:
Թե ինչպես պետք է անվանվեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններըՙ միջազգային հանրության համար չկա գրավոր կանոն կամ պարտադիր պահանջ: Սակայն եթե 1992-ից կարդանք ԵԱՀԿ (մինչեւ 1994-ի դեկտեմբերՙ ԵԱՀԽ) փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ Մինսկի խմբի այսօրվա համանախագահությունը, գլխավորությամբ Ֆասիեի, որ եռյակի մեջ ավագ դիվանագետն է, օգտագործում է ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, այլեւ հենց ԵԱՀԿ-ի համար անսովոր ու անընդունելի բառապաշար:
Այսպես, ԵԱՀԽ 1992 թ Հելսինկիի մարտի 24-ի փաստաթղթում, որը կարելի է համարել առաջինը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ու թերեւս կարեւորագույններից մեկը այս կազմակերպության պատմության ընթացքում (Արցախի հարցով), օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչներ» ձեւակերպումը: Հետագա տարիներին եւս Արցախի ընտրված իշխանություների հասցեին պաշտոնապես չի օգտագործվել այն բառապաշարը, որը կարդում ենք երեկվաՙ հոկտեմբերի 14-ի հայտարարության մեջ:
Խոսելով հոկտեմբերի 7-13-ը «Լեռնային Ղարաբաղին հարակից օկուպացված տարածքներում» (the occupied territories surrounding Nagorno-Karabakh) իրականացված փաստահավաք առաքելության մասին, հայտարարությունում ասվում է, որ միջնորդներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը համագործակցել են «դե ֆակտո տեղական իշխանությունների» հետ: Այսինքն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները Մինսկի խմբի համար ընդամենը դե ֆակտո տեղական իշխանություններ են ու ոչ ավելին:
«Օկուպացված տարածքներ» ձեւակերպումը նոր չէ եւ գալիս է դեռ 1993-ին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերից: Նորությունը եւ վիրավորականը «դե ֆակտո տեղական իշխանություններ» ձեւակերպումն է, որը օգտագործվում է վերջին մեկ տարվա ընթացքում, ընդ որումՙ ոչ առաջին անգամ:
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունները պետք է զսպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանըՙ հետագայում նման վիրավորական հայտարարություններից հեռու պահելու նպատակով: Եվ դա պետք է անեն ոչ թե ներքին խողովակներով, այլ բացահայտ ու կոշտ տոնով:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ

No comments: