Tuesday, October 19, 2010

Թուրքերը քրդերին թույլ չտվեցին պաշտպանվել քրդերենով

Tert.am. 19-10-2010- Թուրքական դատարանը չի բավարարել դատարանում քրդերենով պաշտպանվելու քուրդ գործիչների պահանջը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ANF գործակալությունը:
Երեկ Դիարբեքիրի դատարանում մեկնարկել է 151 քուրդ քաղաքական գործիչների և իրավապաշտպանների գործով դատավարությունը։ Նրանք ձերբակալվել են 2009թ. ապրիլի 14-ից ի վեր իրականացված 5 լայնամասշտաբ գործողությունների արդյունքում։
7578 էջանոց մեղադրական եզրակացությունում թուրք դատախազները պահանջում են «պետության ամբողջականությունը խաթարելու փորձի», «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու», «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակություն ցույց տալու» մեղադրանքներով քուրդ քաղաքական գործիչներին և իրավապաշտպաններին դատապարտել 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության:
Նշենք, որ երեկվա դատալսման ժամանակ քուրդ գործիչները, Դիարբեքիրի դատարանում վանկարկելով քրդերեն արտահայտություններ, պահանջել էին քրդերենով պաշտպանվելու հնարավորություն տալ իրենց։
«Մայրենի լեզվով պաշտպանվելու պահանջը պաշտպանության մասն է կազմում, որովհետև մենք ամենալավը մեր մայրենի լեզվով կարող ենք արտահայտվել: Լոզանի համաձայնագրում լեզվի իրավունքի հետ կապված դրույթ կա: Մայրենի լեզվով պաշտպանությունն ամենևին էլ չի նշանակում հակառակվել դատարանին: Պաշտոնական լեզուն թուրքերենն է: Մենք դա չենք հերքում: Սակայն մենք այստեղ ցանկանում ենք պաշտպանվել մեր լեզվով»,- քուրդ գործիչների անունից հայտարարել է նախկին քուրդ պատգամավոր Հաթիփ Դիջլեն:

No comments: