Wednesday, October 20, 2010

Ադրբեջանը պատմահենությամբ է զբաղվում photoshop–ի օգնությամբ

Tert.am. 20-10-2010- Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը բնութագրում է որպես պատմահենություն։
«Դա նման է ծովահենության։ Սակայն ադրբեջանցի պատմահենները ծովահեններից տարբերվում են նրանով, որ չեն թաքցնում իրենց «գանձերը», այլ հրապարակավ ներկայացնում են հանրությանը», – այսօրվա ասուլիսին ասաց Դեմոյանը՝ նշելով, որ այդ ամենն արվում է պետական մակարդակով և շռայլորեն ֆինանսավորվում է։
Ըստ Դեմոյանի, բուրգն Ալիևների ընտանիքն է, գլխավոր անձն Ալիևն է։ Նա ռազմատենչ հայտարարություններ է անում, իսկ ընտանիքի մյուս անդամները զբաղվում են հակահայկական քարոզչությամբ։ Ալիևի կինն օգտագործում է «Հեյդար Ալիևի» հիմնադրամը, դուստրը, ունենալով անսպառ ֆինանսական պաշարներ, ապահովում է հակահայկական գաղափարների արմատավորումը ռուս երիտասարդության շրջանում։
Պատմաբանն անդրադարձավ նաև հակահայկական գաղափարների տարածմանը տպագիր միջոցներով։ Այս հարցում ադրբեջանական կողմը վարձում է անվանի «գրչակներին»։
«Մոսկվայի խանութներում դուք կտեսնեք բարձր որակի քարոզչական գրքեր, որոնք տպագրվում են ռուսական հեղինակավոր տպարաններում։ Իսկ վարձու գրչակները հորինում են տվյալներ և ստեղծում հակահայկական գրականություն», – ասաց նա՝ նմանատիպ գրչակների թվում նշելով Յուրի Պոմպեևի անունը։
Բացի դրանից, հակահայկական քարոզչություն իրականացնելու համար Ադրբեջանն սկսել է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ photoshop–ը։ Այսպես, 13–րդ դարի հայտնի խաչքարագործ Պողոսի աշխատանքներից մեկը, որը տեղադրված է Գոշավանքում, ադրբեջանական կողմը photoshop–ի օգնությամբ ձևափոխել է և ներակայացրել իբրև մի թյուրքալեզու ցեղի առաջնորդի շիրմաքար։ Սակայն, ըստ Դեմոյանի, նրանք չեն նկատել հայկական խաչքարի հայերեն լեզվով արված արձանագրությունները, որոնք մնացել են ադրբեջանական տարբերակի վրա։
«Սա անտաղանդության զավեշտալի դեպք է», – ասաց նա՝ նշելով, որ, ցավոք սրտի, այսպիսի «պատմաստեղծման» դեպքերը գտնում են իրենց արձագանքը։
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է հակահարված տա Ադրբեջանին և ի՞նչ միջոցներ պետք է օգտագործի, Դեմոյանը կարծիք հայտնեց, որ ամենալավ ռեսուրսը Սփյուռքն է։
Նա առաջարկեց Մոսկվայում, Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում ստեղծել հրատարակչական միավորումներ։
Դեմոյանը նշեց, որ հաճելի զարմանքով է ունկնդրել Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, քանի որ, ըստ նրա, մինչև այդ Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես կտրուկ չէր արտահայտվել ադրբեջանական քարոզչության վերաբերյալ։
«Շատ ուրախ կլինեմ, եթե նախագահի ելույթը լինի ուղենշային», – ասաց նա՝ հավելելով, որ նախագահի խոսքերը պետք է ընկալվեն որպես հրահանգ։

No comments: