Monday, November 8, 2010

Գյուլին «հայկական ծագում» վերագրելու համար դատապարտում են 11 ամսվա ազատազրկման

HayNews.am. 8-11-2010- Թուրքիայում ազատազրկման է դատապարտվել այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին հայ անվանող մեկնաբանությունը ժամանակին չջնջած խմբագիրը:
HaberinYeri.net-ի խմբագիր Ջեմ Բույուքջաքիրը դատապարվել է 11 ամսվա ազատազրկման` դեռևս 2008-ին իր խմբագրած կայքում օգտոգործողներից մեկի` «Գյուլը հայկական ծագում ունի» տողը պարունակող մեկնաբանությունը ժամանակին չջնջելու համար: Խմբագրի դեմ հայցը ներկայացրել էր նախագահի աշխատակազմը: Այս մասին հայտնում է թուրքական Bianet.org-ը:
Բույուքջաքիրը դատարանի վճիռը վրդովմունքով է ընդունել` նշելով, որ իրեն դատապարտել են նրա համար, որ մի քանի րոպե հետո է միայն ջնջել վերոհիշյալ մեկնաբանությունը: «Ես այն ջնջեցի, երբ նկատեցի, սակայն դա դատարանի համար արդարացում չէր»,-նշել է թուրք խմբագիրը:
Նշենք, որ վերոհիշյալ մեկնաբանությունը թողնվել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Քանան Արըթմանը ակնարկել էր Գյուլի հայ լինելը` կապված Ստամբուլում սկսած «Ներեցեք մեզ, հայեր» արշավի կապակցությամբ նրա որդեգրած դիրքորոշման հետ:

No comments: