Monday, November 8, 2010

Ադրբեջանում ընտրություններին իրականում մասնակցել է ընտրողների 35 տոկոսը. հայ փորձագետ

Արդեն իսկ տեղեկություն կա, որ Ադրբեջանում ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել երկրի իշխող կուսակացության մոտ 70 անդամ, այդ թվում նաև նախագահ Իլհամ Ալիևի կինը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Արդյունքները բոլորի համար, կարծես թե, սպասելի էին: Սակայն կա մի նրբություն. նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին ընտրողների մոտ 65%, այս անգամ, նախնական տվյալներով, գրանցվել է ոչ ավելի, քան 50% մասնակցություն»,- ասաց Հարությունյանը` նշելով, որ նկատվել է 15% անկում:
Հաշվի առնելով Ադրբեջանում ընտրական գործընթացի ժամանակ կիրառվող տեխնոլոգիաները՝ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ ընտրողների իրական թիվը 30-35%-ից չի անցնում:
«Ադրբեջանական հանրությունում որոշակի անտարբերություն է սկսվում նման ընտրությունների նկատմամբ»,- նշեց նա:

Փորձագետը նաև նկատեց, որ եթե նախկինում ընդդիմությունը բավականին ակտիվ էր իրեն դրսևորում, փորձում էր միտինգներ, երթեր կազմակերպել, ապա այս անգամ ընդդիմությունը «ապատիկ վիճակում է»:
«Ի վերջո, կարող ենք փաստագրել, որ Ադրբեջանում բոլորը կարծես թե հաշտվել են եղած իրադրության հետ», - ասաց փորձագետը:
Ադրբեջանական հանրության անտարբերությունը և պասիվությունը նա կապում է ապագայում նավթի պաշարների նվազեցման հետ: «Իրենք զգում են, որ ապագայում զարգացման հարցում որևէ հեռանկար չի նկատվում», - պարզաբանեց նա:
Հարությունյանի կարծիքով` մեծամասնական ընտրակարգը դժվարեցնում է ասել, թե ովքեր են զուտ «պրոիշխանական» և ովքեր են, այսպես կոչված, ընդդիմադիրները:

Նա նաև անդրադարձավ միջազգային դիտորդների գնահատականներին: ԵԽ ներկայացուցիչը դրական է գնահատել Ադրբեջանի ընտրությունների ընթացքը: «Սա նույնպես որոշակի անտարբերության մասին է վկայում, որովհետև նախկինում նրանք ավելի ակտիվ էին, իսկ հիմա նրանք ուղղակի գնացել և իրենց պարտքն են կատարել, չնայած, որ միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները բազմաթիվ տվյալներ ունեն այն մասին, որ ընտրողներին վախեցրել են»,- եզրափակեց նա:

No comments: