Monday, November 8, 2010

Կ. Սարիբեկյան. «Եթե Աստված չանի` կրկին պատերազմ սկսվի, ադրբեջանական բանակը նորից ջախջախվելու է»

Panorama.am. 8-11-2010- «Ինձ զարմացնում է Ադրբեջանի ղեկավարի՝ այդպիսի անպատասխանատու հայտարարություններ անելու փաստը: Ճիշտ է, նա առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում, սակայն պետք է նշեմ, որ արդեն չափն անցնում է: Միաժամանակ ինձ զարմացնում է նաև այն փաստը, որ համապատասխան միջազգային կառույցները նմանատիպ հայտարարություններին չեն արձագանքում»,- անդրադառնալով Իլհամ Ալիևի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը մարտունակ բանակ ունի, որտեղ զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր մակարդակի վրա է՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքերով, ողջ աշխարհը խոսում է ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, իսկ Ալիևն ու նրա նմանները շարունակում են նմանօրինակ հայտարարություններ հնչեցնել:
«Ի՞նչ նշանակում, թե մենք մարտունակ բանակ ունենք, սպառազինություն… Հո այդ ամենն ասելով չէ: Եթե Հայաստանն «ամեն Աստծո օր» չի հայտարարում իր հաղթողական մարտական ոգու կամ բարձր մարտունակության մասին՝ նշանակում է, թե իրենք կարող են մեզ հաղթե՞լ: Երբեք: Մենք ունենք այն՝ ինչ ունենք, իսկ մեր նախագահն այնքան խոհեմ է, որ ամեն օր չի խոսում այդ մասին կամ ռազմատենչ հայտարարութուններ չի անում: Նա գիտի որ վայրում, ինչ հայտարարություններ պետք է հնչեցնի անել:
Ադրբեջանը երևի մոռացել է, թե ինչպես 1990-ականներին պատերազմ սանձազերծեց, իսկ մեզ ինչ էր մնում անել՝ պաշտպանել մեր հայրենիքը, ինչն էլ մեր տղաները փառքով իրականացրին: Ողջ աշխարհը պետք է հասկանա, որ մենք պաշտպանում ենք մեր հողը, իսկ դա վեր է ամեն ինչից»,- ասաց ազատամարտիկ:
Այնուհետև ԱԺ պատգամավորը նշեց. «Այդ Ալիևները, Աբիևները թող չփորձեն մեզ վախեցնել, ի՞նչ է նրանք մոռացել են, թե ինչ տեղի ունեցավ նրանց բանակի հետ, երբ փորձեցին նվաճել Արցախը, ու եթե Աստված չանի կրկին պատերազմ սկսվի՝ ադրբեջանական բանակը կրկին ջախջախվելու է»:
Կ. Սարիբեկյանի խոսքերով՝ ամեն դեպքում մենք այսօր լավ սերունդ ունենք, լավ սերունդ ենք դաստիարակում, Արցախյան պատերազմը դեռ բոլորիս աչքի առջև է, իսկ հին սերունդը՝ ազատամարտիկները ամուր բռունցք կազմած, միշտ կազմ ու պատրաստ կանգնած է ներկայիս սերնդի թիկունքին:
«Այսօր, փառք Աստծո Հայաստանն ունի մարտունակ բանակ, ժամանակակից սպառազինություն, սակայն մեզ պետք չէ ամեն օր հայտարարել այդ մասին, մենք մեր ուժը գործի մեջ ենք ցույց տալիս, ու Ադրբեջանը պետք է զերծ մնա մեր հետ առճակատման գնալուց: Եթե մի երկրի նախագահ, այս դեպքում՝ Ալիևը, մասնակցում է դիվերսանտների հուղարկավությանը, ապա նշանակում է, որ ինքն էլ ոչնչով չի տարբերվում դրանցից»,- ասաց արցախյան պատերազմի մասնակիցը:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե հնարավոր պատերազմի դեպքում, հանդիսանալով ԱԺ պատգամավոր ի՞նչ կաներ նա՝ Կ. Սարիբեկյանն ասաց. «Ինչպես 1990-ականներին, զենք կվեցնեի ու կմեկնեի ճակատ, բոլոր ազատամարտիկների պես»:

No comments: