Monday, November 8, 2010

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները միջազգային մամուլում

Panorama.am. 8-11-2010- Երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ միջազգային հանրությունն իր համար ևս մեկ անգամ բացահայտեց, որ հանձինս ալիևյան իշխանության այս երկրում տոտալիտար ռեժիմ է տիրում: Լուսաբանելով Ադրբեջանում անցկացվող խորհրդարանական ընտրությունները` միջազգային մամուլը գրում է.

Frans Press
Նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակը ակնհայտ է նախքան ընտրությունների ավարտը, քանի որ վերջիններս, ադրբեջանական ընդդիմության որակմամբ, կեղծված են: Ընդդիմությունն իշխանությանը մեղադրել է նաև նորմալ ընտրություններ անցկացնելու ընդդիմության հնարավորությունները սահմանափակելու մեջ: Ադրբեջանում ավելի շատ դեմոկրատական ազատություններ ձեռք բերելու նպատակով ընդդիմությունը միջազգային հանրությանը կոչ է արել ներգործել իշխանության վրա: Ընդդիմությունն արևմուտքին մեղադրել է սեփական հետաքրքրությունների պատճառով մարդու իրավունքների պահպանման հարցում ցածր ցուցանիշների համար Ադրբեջանի իշխանությանը քիչ քննադատելու մեջ: Ընդդիմության օգտին քվեարկած 41-ամյա Շամիլ Գասըմովի կարծիքով` իշխող կուսակցությունը հոգ չի տանում մարդկանց մասին, խորհրդարանում մարդկանց խնդիրները բարձրացնող միակ ուժն ընդդիմությունն է, իսկ մնացածները զբաղված են իշխանությանը գովերգելով միայն: Ընդդիմության կարծիքով` ընտրությունների արդյունքները նախօրոք հայտնի են. դրանց նպատակը Իլհամ Ալիևի վարչակարգը ամրացնելն է:

Associated Press
Ցանկացածի համար խորհրդարան մտնելու հնարավորությունը կախված է Ադրբեջանի նախագահական աշխատակազմում նստածների կամքից: Որոշ ընտրատեղամասերում ընդդիմության դիտորդներին նույնիսկ թույլ չեն տվել մտնել ընտրատարածք:

Reuters
«Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարել է. «Ափսոս, որ այս ընտրությունները զանգվածային կեղծարարություններով են ընթանում: Դրանք Ալիևի վարչակարգի անցկացրած ամենավատ ընտրություններն են»: «Daily Times»-ի հետ զրույցում Քերիմլին նշել է. «Եվրոպան Ադրբեջանին դիտարկում է միմիայն որպես էներգիայի ստացման աղբյուր, բայց նրանք նաև պետք է հասկանան, որ իրենց տնտեսական շահերը նույնպես վտանգված են, քանի որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է տիրում»:

Eurasianet.Org.
Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող «Թուրան» ադրբեջանական գործակալության վերլուծաբան Զաֆար Գուլիեվը նշել է. «Հեռուստատեսությամբ ընտրությունների լուսաբանումը և թեկնածուների ելույթներն Ադրբեջանի քաղաքացիները շատ անգամ նայում են միմիայն որպես շոու: Նրանց ծիծաղեցնում են նույնիսկ կարդալ չիմացող միմյանց հայհոյող թեկնածուները»:

No comments: