Monday, November 8, 2010

Ադրբեջանական ընդդիմությունը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Tert.am. 8-11-2010- Ադրբեջանական ընդդիմությունը չի ճանաչել կիրակի օրը` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ պահանջել է անցկացնել կրկնակի քվեարկություն:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հիմնական ընդդիմադիր բլոկի, «Ադրբեջանի ազգային ճակատ-Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ անհնար է ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները, որովհետեւ դրանք ոչ լեգիտիմ եմ:
«Ընտրությունների արդյուքները պետք է չեղյալ համարել, պետք է նոր ընտրություններ անցկացվեն»,-ասել է Ղամբարը: Նա նաեւ հայտնել է, որ երկու կուսակցություններն էլ պայքարը կշարունակեն օրենքի սահմաններում եւ կդիմեն դատարան: Ընդդիմադիր գործիչը նշել է, որ օրվա երկրորդ կեսին կքննարկվի զանգվածային բողոքի ակցիա անցկացնելու հարցը:
Իսկ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ստեղծված իրավիճակի համար մեղադրել է միջազգային կազմակերպություններին:
Այդ պահին ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ներկա են եղել սրահում, բացականչել են «Կորչի՜ ԵԱՀԿ-ն եւ Ադրբեջանը»:
Նշենք, որ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Պաշտոնական տվյալներով, ընտրատարածքների մեծ մասում հաղթող են ճանաչվել նախագահ Իլհամ Ալիեւի «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուները:

No comments: