Thursday, November 25, 2010

Ղարաբաղի բնակչությունը չի վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբին

News.am. 25-11-2010- Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ավելի իրազեկված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, քան Հայաստանի բնակչությունը: Նման արդյունքներ են ստացվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվերով արված հարցումներով: Ըստ այդմ, ԼՂՀ-ում բանակցային գործընթացից տեղյակ են հարցվածների 68 տոկոսը, իսկ Հայաստանում՝ 50 տոկոսը:
Լեռնային Ղարաբաղում վստահ են, որ եթե հրադադարի ռեժիմի ամրապնդում լինի, զոհերի թիվը կնվազի (67 տոկոս), կնվազի պատերազմի բռնկման ռիսկերը (60 տոկոս):
Այդուհանդերձ, ԼՂՀ բնակչությունը դեմ է Ադրբեջանին զիջումներ անելուն:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը նաեւ չի վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հարցված ղարաբաղցիների միայն 38 տոկոսն է վստահություն հայտնել ՄԽ խմբին, իսկ 25 տոկոսը պնդել է, թե Մինսկի խումբը աջակցում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին: Ղարաբաղում հարցվածների միայն 43 տոկոսն է նշել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դեր ունի հակամարտության լուծման գործում:
Լեռնային Ղարաբաղում հարցումներն անցկացրել է «Պոպուլուս» կազմակերպությունը՝ հոկտեմբերի 22-ից 26-ը՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում: Հարցումներին մասնակցել է 804 մարդ:

No comments: