Thursday, November 18, 2010

Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին ԼՂ կարգավորման միջնորդական ջանքերի համար. Սերժ Սարգսյան

Tert.am. 17-11-2010- Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական ջանքերի համար և հուսով է, որ դրանք առաջիկայում կավարտվեն դրական արդյունքով։ Այս մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Կրեմլում ասել է Սերժ Սարգսյանը։
«Ռուսաստանի միշտ կարևոր դեր է խաղացել Կովկասում։ Հուսով եմ, որ Ձեր ջանքերը կեզրափակվեն շուտով և դրական արդյունքով»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Ի պատասխան Մեդվեդևն ասել է. «Մենք նույնպես դա շատ ենք ցանկանում»։
«Գործնականում գրեթե ցանկացած միջազգային հավաքի ընթացքում մենք հանդիպում ենք` քննարկելու ընթացիկ հարցերը: Երկկողմ շփումներում էլ Դուք եք այցելում, ես էի Ձեզ մոտ մեծ այցով: Սրանք հնարավորություններ են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցերում ժամացույցի սլաքներն ուղղելու, և իհարկե Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին խոսելու համար: Սրանք հնարավորություններ են ճշտելու այն կողմնորոշիչները, որոնցով կառաջնորդվենք ապագայում»,- ասել է Մեդվեդևը:
Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ պարբերական հանդիպումները թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկել բազմաշերտ գործակցությանը վերաբերող հարցերը: «Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը վստահ շարունակվում է: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրված պայմանագրերը նոր ազդակ հաղորդեցին մեր հարաբերություններին: Մենք պայմանավորվեցինք, որ կհանդիպենք ուշ աշնանը և կամփոփենք մեր ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա վստահեցրել է, որ Հայաստանը ձգտում է Կովկասում խաղաղության և կայունության հաստատման, և հենց դրանով են պայմանավորված ղարաբաղյան հակամարտության խնդրի խաղաղ և երկարատև կարգավորում փնտրելու նրա ջանքերը։
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ նախագահներն ասել են, որ դրանք արտոնյալ բնույթ են կրում։
Մեդվեդևը նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ հաճախակի հանդիպումները թույլ են տալիս նախագահներին «ստուգել ժամերը» երկկողմ հարցերի, տարածաշրջանային խնդիրների առնչությամբ, խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, նախանշել ապագայի կողմնորոշիչները։

No comments: