
Նախ, Ռուդիկ Հովսեփյանը նշեց, որ ամեն ինչ հանգեցնում է նրան, որ տեղի, այսպես կոչված` հայկական մաֆիան կապված է Հայաստանի իշխանական թեւի ներկայացուցիչների հետ, հանձին Սաշիկ Սարգսյանի: «Որովհետեւ ամեն անգամ, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները գալիս են Լոս Անջելես, հանդիպում են միայն այստեղի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, եւ պարզ էր, որ այստեղի իշխանությունը դա կնկատեր, պարզ էր, որ այստեղի հատուկ ծառայությունները դա կնկատեին, որովհետեւ հանկարծակի սրանց բոլորի մեքենաները դարձան «Rolls Royce»-ներ ու «Bentley»-ներ, բոլորն այստեղ տներ ունեցան, բոլորն այստեղ ունեցան մասնավոր սեփականություններ եւ ման էին գալիս այնպես, ինչպես երեւանյան փողոցներում, հաշվի չառնելով, որ այստեղ ԱՄՆ է, կարգապահ երկիր է, այստեղ շատ զգոն են այդ ամենի հանդեպ: Եւ մենք սպասում էինք, մենք զգում էինք, որ մեր գլխին ամպեր են կուտակվում»,- պատմում էր Ռուդիկ Հովսեփյանը:
Ըստ նրա, մինչեւ 1998թ. լոսանջելեսահայ համայնքը ամենաօրինակելի համայնքներից է եղել (Հովսեփյանն ԱՄՆ-ում է 1991-ից): Բայց արդեն 1998-ից տեղում ձեւավորվել են հայկական խմբեր` Հյուսիսային Հոլիվուդի խումբ, Հոլիվուդի խումբ, Գլենդելի խումբ: «Այսինքն, երբ այդ մականունավոր տղաներն այստեղ շատացան, սկսեցին ձեւավորել իրենց խմբավորումները եւ հետեւյալ վիճակը սկսվեց` անընդհատ սպանություններ` Հյուսիսային Հոլիվուդի հայերը հարձակվում էին Հոլիվուդի հայերի վրա, Հոլիվուդի հայերը` Գլենդելի հայերի, անընդհատ իրար հետ ռազբորկաների մեջ էին: Այն, ինչ Երեւանում է կատարվում, նույնը այստեղ էր: Այստեղ լիքն են այդ սափրագլուխները, դուք չեք պատկերացնի: 98-ից սկսվեց մեր դժբախտությունը, սկսեցին մեր մասին վատ խոսել, իսկ հիմա մեր մասին ահավոր վատ են խոսում: Կարծիքը ահավոր է»,- ասում էր Հովսեփյանը: Ըստ նրա, բանը հասել է այնտեղ, որ Լոս Անջելեսի հումորի ակումբներում կազմակերպված շոուների ժամանակ են անգամ հայերին ծաղրում: «Նախ, շոուի ժամանակ հաղորդավարը հարցնում է` դահլիճում հայ կա՞: Երբ պարզվում է, որ կա, հաղորդավարը ներողություն է խնդրում եւ ասում, որ հումոր են անելու: Իսկ հումորը հետեւյալն է. շոուի մասնակիցների միջեւ երկխոսություն է գնում` «հայ ե՞ս», «այո», «ի՞նչ մեքենա ես քշում», «Bentley», «ի՞նչ շոր ես հագնում», «Dolce&Gabana», հետո սկսում են ծաղրել հայերի քայլվածքը, որ տարբերվում է բոլորի քայլելու ձեւից»,- պատմում էր Հովսեփյանը: Ըստ նրա, ամերիկյան բեմից հնչող այս վերաբերմունքը «նստած» է նաեւ տեղի ոստիկանների եւ քաղաքային իշխանությունների մեջ: Իհարկե, ըստ Հովսեփյանի, ազգությամբ հայ բոլոր կարգապահ քաղաքացիների հանդեպ վերաբերմունքը չի փոխվել, նրանց գործատուները շարունակում են նույն կերպ շփվել նրանց հետ, չեն նեղացնում, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը լավը չէ:
Հայերի տրամադրությունը, ըստ քաղաքական մեկնաբանի, ահավոր ընկած է, նրանք խիստ վիրավորված են: Ռուդիկ Հովսեփյանը մեր թերթի միջոցով նաեւ հարց էր ուղղում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը, թե այդ ինչպես է ստացվում, որ հանցագործները այդպես հեշտ ու հանգիստ իրավունք են ստանում Միացյալ Նահանգներ գալու, իսկ կարգին, դաստիարակված մարդիկ չեն ստանում: «Նրանք պետք է իրենց պատասխանատվությունը զգային, թե ինչպես են այս հանցագործները անընդհատ այստեղ հայտնվում»,- ասում էր Հովսեփյանը: Նա տեղեկացրեց, որ տեղի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներով ցանկանում են նամակ գրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը եւ իրենց բողոքը հայտնել, որ դեսպանատունը, քաջ իմանալով, որ դրանք հանցագործներ են, չի խոչընդոտում, որպեսզի նրանք ԱՄՆ մուտքի վիզա ստանան: Ըստ Հովսեփյանի, իհարկե, հանցավոր այդ խավը, որ իրեն խիստ լկտի է պահել այս ընթացքում, Պզոյի ու նրա հանցավոր խմբի ձերբակալությունից ու կալանավորումից հետո արդեն «պահ է մտել» ու աշխատում է չերեւալ, աչք չծակել, բայց հասկանալի է, որ շատ երկար ժամանակ ու աշխատանք է պետք` հայերի հանդեպ այնտեղ ձեւավորված կարծիքը փոխելու համար: Ինչ վերաբերվում է Լոս Անջելեսի հանցավոր խմբավորումների հետ Սաշիկ Սարգսյանի կապերի մասին խոսակցություններին, Ռուդիկ Հովսեփյանը նշեց, որ իրենք ոչ միայն պարբերաբար տեղեկություններ են ստացել, թե Սաշիկ Սարգսյանը որ հայկական ռեստորանում հանցագործ աշխարհի որ ներկայացուցչի հետ է հանդիպել, այլեւ ընդհանրապես, տեղյակ են, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից սկսած` Լոս Անջելեսում հանդիպումներ են ունեցել այդ խմբերի հետ: «Չի եղել մի դեպք, երբ իմանանք, որ Սաշիկը հանդիպել է մի մարդու հետ, որը, ասենք, գոնե քաղաքակրթության միջին ծալքի մեջ է: Իսկ Պզոյի եւ նրա խմբի հետ հանդիպումը պարտադիր էր: Տենց բան չկար, որ գար ու չհանդիպեր: Եւ դուք ուզում եք, որ այստեղի իշխանությունը քնի՞: Նրանք հանցագործներին մեկիկ-մեկիկ անուններով գիտեն»,- ասաց քաղաքական մեկնաբանը:
No comments:
Post a Comment