Thursday, November 25, 2010

Հայաստանը Աստանայում կարող է վետո դնել, բայց ամեն մի վետո ունի իր գինը. փորձագետ

Tert.am. 5-11-2010- Աստանայում կայանալիք ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կվերահաստատվի ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Քաղաքագետի կանխատեսմամբ, գագաթնաժողովում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ կոնկրետ փաստաթուղթ չի ստորագրվի, բայց կամրապնդվեն խնդրի կարգավորմանն ուղված բանակցային ջանքերը:

«Գագաթնաժողովներն այն տեղը չեն, որտեղ որոշումներ են ընդունվում, բայց ուղենշային իմաստով դրանք շատ կարևոր են»,- ասաց «Սիվիլիթաս» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Աստանայում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ փաստթղթի ընդունման հնարավորությանը, Թաթուլ Հակոբյանը չբացառեց, որ համանախագահող երկրները մի նոր փաթեթ ներկայացնեն կողմերի քննարկմանը, «բայց այդ փաթեթը, վստահեցնում եմ, չի լինի նոր բան, այլ կլինի նորացված որևէ բան», որովհետև համանախագահները հասկացել են, որ չեն կարող շատ հեռանալ այն փաստաթղթից, որի վրա աշխատել են:
Փորձագետի խոսքով՝ եթե Աստանայում փորձ արվի փաստաթղթով ամրագրել երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանը ճիշտ կանի, եթե կիրառի վետոյի իր իրավունքը: Հակոբյանը վստահ է, Հայաստանն ունի ռեսուրս՝ վետոյի իր իրավունքը կիրառելու համար, «սակայն ամեն մի վետո ունի իր գինը»:
Միաժամանակ, Թաթուլ Հակոբյանը նկատեց, որ կիրառված վետոների համար «մենք վճարում ենք հետագայում»:

No comments: