Thursday, November 25, 2010

Ջալալ Տալաբանին ՀՀ նախագահին հրավիրել է Իրաք

Panorama.am. 25-11-2010- Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանը նոյեմբերի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահ Ջալալ Տալաբանիին:
Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց:
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Տալաբանին, գոհունակություն հայտնելով Իրաքում Հայաստանի դեսպանության վերաբացման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանում Իրաքի դեսպանության բացման կարևորությունը` հատկապես հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում բնակվում են բազմաթիվ Իրաքի քաղաքացիներ (իրաքահայեր):
Դեսպանը, շնորհավորելով նախագահ Տալաբանիին վերընտրվելու կապակցությամբ, փոխանցել է ՀՀ նախագահի բարեմաղթանքներն ու հրավերը այցելել Հայաստան: Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրաքի միջև առկա բարեկամական հարաբերությունները և նշել, որ հայերի դարավոր ներկայությունը Իրաքում, նրանց ներդրումը երկրի զարգացման գործում, համատեղ ապրելու փորձը, փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-իրաքյան բարեկամությունը և համագործակցությունը առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:
Զրույցի ավարտին նախագահ Տալաբանին շնորհավորել է Հայաստանի դեսպանին նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում և իր հերթին հրավիրել ՀՀ նախագահին այցելել Իրաք:

No comments: