Thursday, November 25, 2010

Մտավորականները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին

Tert.am-24-11-2010- Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգում այսօր մի քանի տասնյակ մտավորականներ բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակում։ Ցույցի մասնակիցները նաև հայտարարություն ընդունեցին, որի տակ ստորագրեցին ավելի քան հարյուր մտավորականներ։ Հայտարարությունը բաց է, և առաջիկայում դրա տակ կարող են ստորագրել նաև այլ ցանկացողներ։
«Այս ակցիայի իմաստն այն է, որ մենք եկել ենք մեր ընկերոջը պաշտպանելու, այդ իր դաժան կալանավայրից ազատ արձակելու համար մեր ձայնը, մեր բողոքն արտահայտելու համար։ Իմ նպատակը դա է, որովհետև ես ինքս ազատամիտ, ազատասեր մարդ եմ և հարգում եմ ազատ խոսքը և ազատ խոսքի հանդեպ ամեն մի կաշկանդում ինձ վրդովեցնում է։ Եվ կարծում եմ, որ մեր երկրում ոչ մի քաղաքական բանտարկյալ չպետք է լինի։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև մյուսներն էլ պետք է ազատ արձակվեն, մենք մեր հույսը չենք կտրում»,– լրագրողներին ասաց դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։
«Ով լռում է, նա մտավորական չէ, մտավորականը միշտ ճշմարտությունն է ասում և այդ ճշմարտությունից հետո է, որ նրան դասում են ընդդիմության շարքը, բայց դա այդպես չէ, մտավորականությունը պետք է անվախ ասի ճշմարտությունը։ Մտավորականությունը շատ մեծ անելիք ունի երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար»,– շարունակեց դերասանուհին՝ ավելացնելով. «Ցավն այն է, որ այսօր միահամուռ մտավորականություն չկա, մարդիկ քաշվում են, վախենում են, հազար ու մի բան»։
«Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ քաղբանտարկյալների ազատ արձակման մասին ինչ–որ որոշում արդեն իսկ ընդունվել է։ «Այստեղ կան մարդիկ, որոնք միգուցե առաջին անգամ այս տասնամյակի ընթացքում համաձայնեցին ստորագրել մի բան, որն արտոնված չէ իշխանության կողմից, եթե իրենք էլ արդեն չեն վախենում, ուրեմն մարդիկ, ովքեր մտածում էին ազատությունն արտոնելու մասին, արդեն իրենք պետք է մտածեն և վախենալու շատ բան ունեն»,– ասաց նա։
«Իշխանությունն արդեն պարիտետ է խաղում, որովհետև Ադրբեջանում արդեն մի երկու հոգու բաց են թողել, և կան տեղեկություններ, որ մոտ օրերս մի քանիսին ազատ կարձակեն։ Սա, իհարկե, խաղ է, սա, իհարկե, փորձ է՝ թոզ փչել... Գիտեք՝ ազատությունը մասնակի չի լինում, ինչպես չի կարելի մի քիչ հղի լինել կամ մի քիչ ազատ լինել։ Իրենք փորձում են մի քիչ ազատություն տալ, դա անիմաստ է»,– ասաց Խզմալյանը՝ նկատելով, որ այսօր խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանինը չէ, նա պարզապես դարձել է ազատության պայքարի համար խորհրդանիշ։
Դերասան Աշոտ Ադամյանն ասաց. «Եթե մի երկրում մարդը ճշմարիտ խոսքի, իր տեսակետի, իր տեսլականի համար, իր հոգսերի և մտածմունքների համար գտնվի բանտում, դա անընդունելի է։ Ցանկացած մարդ, ով անտարբեր է այս հարցի շուրջ, նա է նստած, Նիկոլը չի նստած»։ Մեր հարցին, թե համոզվա՞ծ է, որ մտավորականների բողոքը տեղ կհասնի, դրան կարձագանքեն, Ադամյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ տեղ հասնում է։ Արձագանքը ինչպես կլինի՝ ես չգիտեմ»։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մեզ հետ զրույցում ասաց. «Չեմ կարծում, որ Նիկոլը էն մարդն է, որ ինքն իր համար է պայքարում։ Նիկոլն այդպիսի առաքելություն ունի՝ պայքարում է այլոց համար, և տվյալ դեպքում մենք էլ Նիկոլի համար չենք պայքարում, մենք պայքարում ենք ինքներս մեզ համար, Նիկոլն էդ առումով դառնում է գործոն»։ Ըստ նրա՝ անկախության համար պայքարը չի եղել այն նպատակով, որ երկրում քաղբանտարկյալներ լինեն։ «Եթե Նիկոլի նման տաղանդավոր անձնավորությունը չպիտի իր ամբողջ տաղանդով ծառայեր մեր հանրապետության, մեր ապագայի համար, կնշանակի՝ անիմաստ 20 տարի է, այդպիսի շքեղություն մենք մեզ չենք կարող թույլ տալ»,– ասաց Բլեյանը։
Նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային, Тert.am–ի հետ զրույցում նշեց, որ այսօր մտավորականները մեր ժողովրդի արժանապատվության հարցն են բարձրացրել։ «Երբ մենք էինք ձերբակալված, մեկ երկու մտավորականներ էին խոսում։ Այսօր փառք տանք մեր ժողովրդին, որ այսքան շատ մտավորականներ են իրենց ձայնը բարձրացրել, սա ուրախալի փաստ է, որ մեր ժողովուրդն արթնացել է թմբիրից»,- ասաց նա։
«Առիթը իհարկե Նիկոլ Փաշինյանն է, բայց այստեղ մեզանից կանգնած յուրաքանչյուրը պայքարում է նաև Սասուն Միքայելյանի, մնացած քաղբանտարկյալների համար»,– ասաց դրամատուրգ, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը։ Սունդուկյանի թատրոնի փոխտնօրեն, դրամատուրդ Նշան Ազարյանն էլ հավելեց, թե բոլոր քաղբանտարկյալներին ի վերջո ազատ են արձակելու։ «Եթե շուտ համախմբվեին, պատկերը մի քիչ ավելի ուրիշ կլիներ»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի կինը, «Հայկական ժամանակ» օրաթերթը հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը լավ է, չնայած՝ դեռ պատժախցում է։

No comments: