Thursday, November 25, 2010

ՉԷՐ ԽՈՍՈՒՄ, ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԵ՞Ց

«Լրագիր» 24-11-2010- Անցած շաբաթ ԼՂՀ պաշտպանության բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առթիվ այսօր ՊՆ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած և հոսպիտալացված վիճակում գտնվող Մանվել Հազրոյանի նկատմամբ: Նա գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում և նրա վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության: Նրան վերակենդանացման բաժնից երեկ են տեղափոխել հիվանդասենյակ, որից հետո էլ, ըստ պաշտոնական վարկածի, Մանվել Հազրոյանը խոստովանական ցուցմունքներ է տվել, թե ինքն է կրակել միջադեպի ժամանակ զոհված և վիրավոր զինվորների վրա:
Հայրը` Արմեն Հազրոյանը, ով նոր է վերադաձել Ղարաբաղից, մերժում է նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը`չի հավատում, որ որդին ընդունել է իր մեղքը:

- Ես չեմ ընդունում մեղադրանքը, որովհետև իմ երեխային ես երեկ տեսել եմ: Առաջին օրվանից մեղադրում են, ես իմ երեխային տեսել եմ, նա ի վիճակի չէր խոսել, հազիվ մի երկու բառ եմ խոսել հետը: Էդ ոնց եղավ, որ էդ վիճակում, անմիջապես մեղադրանքը ներկայացրեցին իրեն, ես չեմ պատկերացնում, թե ոնց կարելի էր իրեն առաջին օրվանից մեղադրանք ներկայացնել կամ ասել, որ ինքն է արել: Նա չէր կարողանում երկու բառ խոսել...,- տարակուսած է հայրը:

Հոր նկարագրությամբ, որդու վիճակը բավականին ծանր է եղել և դժվարությամբ է արտաբերել բառերը:

- Նա հազիվ երկու բառ ասեց, չէր կարողանում նույնիսկ խոսել,- մտահոգ ասում էր հայրը:

Հայրն ասում է, որ իրեն թույլ չեն տվել առանձին տեսակցել և խոսել որդու հետ:

- Նրան վերակենդանացման բաժնից տարան առանձին սենյակ` իրենց բերած փաստաբանի հետ, կողքերը 7-8 հոգի զինվորականներ կային շարված, որոնք հսկում էին իրեն,- ներկայացնում է հայրը:

Վիրավոր զինվորի հայրը հարցրել է փաստաբանին, թե կարող է առանձին խոսել որդու հետ, սակայն փաստաբանն ասելէ, որ դա հնարավոր չէ: Հայրը պնդել է իր խնդրանքը հավելելով, որ կխոսի փաստաբանի ներկայությամբ, սակայն միևնույնն է խնդրանքը մերժվել է:

- Որևէ պատճաբանություն չներկայացնելով ասում են իրավունք չունեք ու վերջ: Ես բացառություն չեմ անում իմտղային, բայց պատճառը ինչն է եղել, ինչպես է եղել: Էդ ոնց եղավ, որ իմ տղան դրեց ու յոթ հոգու գնդակահարեց, իմ տղան հավ չէր կարողանում մորթել, էդ ոնց յոթ հոգու գնդակահարեց:

Հայրն ուզում է իմանալ ճշմարտությունն ու դեպքի մանրամասները, իսկ ներկայացվածը նրան հավատ չի ներշնչում: Պաշտոնական կողմը կամ զորամասը որևէ բացատրություն չի տվել դեպքի կապակցությամբ: Արմեն Հազրոյանը չի վստահում նաև փաստաբանին, ով իբր ներկայացնում է իր որդու շահերը:

- Տղաս ոնց որ նոր նարկոզից դուրս եկած լիներ, ասեցի տղա ջան ճանաչում ես, մի քանի րոպե հետո նոր ասեց. հա:

Հորն անգամ հնարավորություն չի տրվել բժիշկների հետ խոսել ու պարզել որդու ստացված վնասվածքների տեղն ու որդու վիճակը: Նրան այդ մասին պատմել է փաստաբանը:

- Փաստաբանն ասում ա, որ ինքը կրակել է իր փորին, հետո գլխին: Ոնց կլնի ինքն իր փորին կրակի, հետո դնի գլխին կրակի: Բացատրեք, դա հնարավոր է, - հարցնում էր հայրը:

Զինվորականները պնդել են, որ միջադեպի ժամանակ կրակվել է երկու տարբեր զենքերից` ավտոմատից ու գնդացիրից: Ըստ զիվորականների ներկայացրած վարկածի, Մանվել Հազրոյանը յոթ հոգու վրա կրակել է ավտոմատից, իսկ ինքն իրեն կրակել է գնդացիրից: Վերջին զենքը` գնդացիրն ամրագրված է զինծառայող Մանվել Հազրոյանին: Հայրը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր որդին կրակել յոթին, ապա ինքն իր վրա կամ ինչպես և ինչու է փոխել զենքերը:

- Իմ տղեն Ռեմբոն դառավ, դե թող մեկն էլ Ջեկի Չան դառնար իմ տղուն խփեր: Սուտ ա, իմ տղան նման բան չէր անի, - ասում էր հայրը:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: