Thursday, November 25, 2010

ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ Է ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՋԱՎԱԽՔ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ

«ԱԶԳ», 25-11-2010 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցելությունը Վրաստան, ամենայն հավանականությամբ, այլեւս չի կայանա: Եվ այդ հավանականության մեծացման հիմնական պատճառը, այդուհանդերձ, կաթողիկոսի` Ջավախք այցելելու ցանկությունն է:
Նոյեմբերի երկրորդ կեսին Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարելիք հովվապետական այցի առնչությամբ Մայր աթոռից վերջերս տեղեկացրին, որ այցը հետաձգվում է: «Նկատի առնելով Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդիՙ արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը եւ պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու հայոց կաթողիկոսին Թբիլիսի եւ Ջավախք միջեկեղեցական եւ հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց եկեղեցին դիմել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` վերանայելու հայոց հայրապետի Վրաստան այցի թվականը», նշված էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի մասին ներկայացնող հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, Գերագույն հոգեւոր խորհուրդը նոյեմբերի 13-14-ին Էջմիածնում, կաթողիկոսի նախագահությամբ, «ընդառաջ խնդրանքին հետաձգել է Վեհափառի Վրաստան այցը` նկատի ունենալով հետաձգման վերաբերյալ նաեւ Վիրահայոց թեմի եւ Ջավախքի փոխառաջնորդության խնդրանքը»:
Ըստ էության, քանիցս հայոց կաթողիկոսի այցելությունը հետաձգելու տարբեր պատճառները գնալով պակաս հիմնավոր են դառնում: Ի վերջո, եթե վատառողջ է վրաց պատրիարքը, հայոց կաթողիկոսը կարող էր նաեւ մենակ այցելել Ջավախք` առանց ուղեկցության:
Ինչեւէ, Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, որ բուժումից հետո, ստացվել էր, որ չի կարող ուղեկցել հայոց կաթողիկոսին, պարզվում է, որ ամենայն հանգստությամբ կարողանում է այցեր իրականացնել: Մասնավորապես երեկ պատրիարքը այցելել է Գուրիի շրջան, որտեղ մասնակցել է հասարակական գործիչ Էկվտիմե Տակաիշվիլու տուն-թանգարանի բացմանը: Բացի այդ, նա եղել է Աչիի կիրճում գտնվող Ս. Գեորգի եկեղեցում:
«Ազգը» տեղեկացրել է, որ դեռեւս հունիս ամսին էր նախատեսվում Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնական այցը Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին, որից հետո Նորին Սրբությունը հովվապետական այցով պիտի լիներ Վիրահայոց թեմում` Թբիլիսիում եւ Ջավախքում:
Ժամանակին մեր թերթը գրել էր, որ Ջավախք հովվապետական այցի հավանականությունն այնքան փոքր է, որ դրան կարելի է չհավատալ: 1894-ից ի վեր հայոց որեւէ կաթողիկոս չի այցելել Ջավախք, երբ հայկական սփյուռքի շատ երկրներում են եղել մեր կաթողիկոսները:
Մինչդեռ Ջավախքում վաղուց են սպասում հայոց կաթողիկոսի այցելությանը, սպասում են ոչ միայն հավատի, այլեւ ընդհանրապես հայ հոգեւոր առաջնորդի տեսնելու, օրհնություն ստանալու ակնկալիքով: Եվ սա այն դեպքում, երբ Ջավախքում դժվարությամբ են հաղթահարվում տասնյակ տարիներ առանց եկեղեցու ու հոգեւորականի ապրած ժամանակների սովորությունները, որոնց համաձայն ջավախքցին հազվադեպ է մտնում եկեղեցի:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: