Monday, November 8, 2010

Շ. Քոչարյան. Ալիևը թաղում է ԼՂ հիմնախնդիրը փոխզիջումային ճանապարհով կարգավորելու հնարավորությունը

Panorama.am. 8-11-2010- «Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է անտեսել միջազգային հանրության և միջնորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները, գործում է ցինիկաբար՝ ի հեճուկս Մայնդորֆում և Աստրախանում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի: Ադրբեջանին ձեռնտու չէ պատմությունը, ինչը նա դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և նա իր ստեղծագործական ցասման մեջ, ստեղծում է իր ստի պատմությունը: Նա անտեսում է ժամանակակից միջազգային նորմերը և փորձում է հանդես գալ չկայացած ուժի տեսանկյունից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ Աստրախանյան դեկլարացիան ենթադրում է գերիների ու մահացածների դիակների փոխանակման ճանապարհով ամրապնդել երկկողմ վստահությունը, սակայն Իլհամ Ալիևն օգտագործում է այդ գործընթացը հակառակ՝ լարվածության թեժացման տեսանկյունից:
«Ժառանգական վարչակարգն արյան ծարավ ունի, այդ թվում՝ սեփական ժողովրդի: Նրա համար արդեն բավարար չեն իր իսկ կողմից հրահրված ագրեսիայի հետևանքները. փորձում է սեփական ժողովրդին նոր ճահիճ նետել, նոր սադրանքներ հրահրելով շարունակում է փորձեր կատարել՝ ադրբեջանական հասարակությանն իր հիվանդագին պատրանքների պատանդը դարձնել»,- ասաց ԱԳ նախարաի տեղակալը:
Նրա համոզմամբ՝ Ալիևը դեպի մահ է ուղարկում դիվերսանտներին, որոնք իր իսկ խոստովանությամբ, ավելի վաղ գիտեին, որ կենդանի չեն վերադառնալու, նրանց հանդիսավոր կերպով հուղարկավորում են և միաժամանակ թաղում են ԼՂ հիմնախնդիրը փոխզիջումային ճանապարհով կարգավորելու հնարավորությունը:
«Միանշանակ է, որ հակահայ հիստերիայի նոր շրջապտույտը Ալիևի կլանը պահածոյացրել էր խորհրդարանական «ընտրությունների» համար՝ ուշադրությունից դուրս թողնելու միջնադարյան խանության ձևավորման հերթական փուլը:
Ալիևն ինքն իրեն ընտրության առջև է կանգնեցրել. կամ ստի, հարևան ժողովուրդների նկատմամբ ատելության և ռազմատենչության ինքնասպան փորձերի վրա հիմնված միջնադարյան խավարամտությունից հրաժարում, կամ էլ՝ Ադրբեջանի ինքնամեկուսացում և վերջնական անկում դեպի խորը միջնադար՝ քաղաքական, հոգեբանական և հումանիտար աղետի անխուսափելի հետևանքներով»,- հավելեց Շ. Քոչարյանը:

No comments: