Monday, November 8, 2010

ԵՐԲ Է ԲԱՔՈՒՆ ԽՈՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ

«Լրագիր» 8-11-2010- Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Աստրախանի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցավ զոհվածների դիակների փոխանակում: Եվ եթե փոխանակման առաջին փուլն անցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա երկրորդը, նոյեմբերի 6-ին, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ: Ազգային հերոս հռչակված Մուբարիզ Իբրահիմովի դիակի համար, Ալիեւը համաձայնեց շփվել Ղարաբաղի հետ, ինչից հետեւողականորեն խուսափում է:
Ղարաբաղյան կողմն Ադրբեջանին է տրամադրել Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները: Միաժամանակ տեղի ունեցավ ղարաբաղյան կողմին ԼՂՀ քաղաքացի Գավրուշ Առուստամյանի դիակի փոխանցումը:
Դա նշանակում է, որ բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունն այդքան էլ անհույս չէ, ինչպես պատկերացնում են Հայաստանն ու Ադրբեջանը: Մինչեւ այսօր ԼՂՀ չմասնակցելը Հայաստանը բացատրում էր Ստեփանակերտի հետ գործ ունենալու հարցում Ադրբեջանի կատեգորիկ մերժողականությամբ: Բայց զոհվածների դիակների վերջին փոխանակումը խոսում է այն մասին, որ Բաքվին այլ բան չի մնում, բացի ԼՂՀ հետ շփումներից, եթե Հայաստանը կտրականապես հրաժարվում է իր վրա վերցնել ղարաբաղյան իշխանության գործառույթները: Ինչպես հայտնի է, փոխանակման առաջին փուլից հետո Հայաստանի պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ մնացյալ դիակները գտնվում են Ղարաբաղի տարածքում, եւ հարկ է պայմանավորվել ղարաբաղյան իշխանության հետ: Հետո ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպեցին միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները, եւ փոխանակումը տեղի ունեցավ:

Ակնհայտ է, որ կան հարցեր, որոնցով Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել իր “սկզբունքներից” եւ նստել սեղանի շուրջ Ղարաբաղի հետ: Այդպես էր, երբ Ղարաբաղի բանակը կանգնած էր Կիրովաբադի մատույցներում, եւ Ալիեւը Ղարաբաղի հետ ստորագրեց հրադադարի համաձայնությունը: Այդպես պատահեց, երբ Ալիեւ կրտսերին ընտրություններից առաջ խիստ անհրաժեշտ էր ստանալ իր զոհված զինվորների դիակները:

Այնպես որ, հարկ է միայն կարողանալ հաշվել տարբերակները, որոնց դեպքում Բաքուն ստիպված է լինելու խոսել Ստեփանակերտի հետ:

No comments: