«ԱԶԳ», 09-11-2010 - Թուրքական դիվանագիտությունը համառության յուրահատուկ պաշար ունի կամ փորձում է «հող շոշափել»: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոնում` Chatham House-ից մրցանակ ստանալուց առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, կրկին հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերություններում «լուռ» դիվանագիտություն է ընթանում:Milliyet-ի փոխանցմամբ, դիտարկմանը, թե Գյուլը հայ-թուրքական հաշտեցման համար Լոնդոնում մրցանակ է ստանալու, սակայն իրականում այդ հարցում ոչ մի զարգացում էլ չկա, Գյուլն արձագանքել է. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մահացած չէ, սառած էլ չէ: Որոշ բաներ մի քիչ անձայն են ընթանում»:
Մինչդեռ հայկական կողմն, ի դեմս Հայաստանի արտգործնախարարության, քանիցս հայտարարել ու հավաստիացրել է, որ որեւէ ձեւաչափով եւ ոչ մի բանակցություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չի ընթանում, ավելին, այդ հարցը թողնված է միայն այն դեպքում շարունակություն ունենալու, երբ Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից` վավերացնելով հայ-թուրքական արձանագրությունները:
Մյուս կողմից, ուղղակի բացառիկ կարելի է համարել այն փաստը, որ Թուրքիայի նախագահի` հայկական արմատներ ունենալու մասին լրագրողական մեկնաբանությունը «արժեցել է» 11 ամսվա բանտարկություն: Բանն այն է, որ թուրք մի լրագրող դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման` հրապարակելով ընթերցողներից մեկի խոսքը, թե նախագահ Գյուլն ունի հայկական ծագում: Ուղղակի բացառիկ է, որ լրագրողի դեմ գործ է հարուցվել Թուրքիայի նախագահին «վիրավորելու» մեղադրանքով:
No comments:
Post a Comment