Thursday, November 25, 2010

Ինչո՞ւ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Իրանը կարող է ավելի մեծ դերակատար լինել, իսկ Թուրքիան` ոչ

Panorama.am. 25-11-2010- Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համարում է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում լուրջ դերակատարություն ունի Իրանը: Հարևան այս երկիրը, ինչպես վստահեցրեց այսօրվա ասուլիսում Շաքարյանցը, Ռուսաստանի հետ եկել է փոխհամաձայնության, ըստ որի արտատարծաշրջանային ուժերի թույլ չի տալու տարածաշրջանում որևէ բան պարտադրել: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանի մյուս հարևանը` Թուրքիան, որն այդքան ցանկանում է ընդգրկվել բանակցություններում, ինչո՞ւ չի կարող նույնքան դերակատարում ունենալ, որքան Իրանը:
Քաղաքագետը բացատրեց, որ բանակցություններում որևէ կարգավիճակով ներգրավվելու Թուրքիայի ցանկությանը կտրականապես դեմ արտահատվեցին և Միացյալ Նահանգները, և Ռուսաստանը, հետո նրանց միացավ նաև Ֆրանսիան:
«Թուրքիան կարող է նման նկրտումներ ունենալ, բայց նրա հետ հաշվի չեն նստի, որքան Իրանի հետ»,-ասաց քաղաքագետը: Ըստ նրա, համանախագահող երկրները Իրանի դերակատարության համար հիմք են ստեղծել 2001-ին, երբ Քիուսեթյան բանակացություններից հետո, պարտավորվել են Իրանին տեղյակ պահել բոլոր որոշումների, ծրագրերի ու նախատեսվող քայլերի մասին: «Ինչքան ես եմ հիշում, ոչ ոք 2001 թվականի այդ համաձայնությունը չեղյալ, ուժը կորցրած չի համարել: Փաստորեն Իրանն այսօր էլ անուղղակի կերպով ավելի շատ ներգրավված է բանակցություններին, քան Թուրքիան»,-ասաց Շաքարյանցը, դա համարելով մեծ քաղաքականության հարց:
«Բանն այն է, որ հակամարտության գոտին ոչ թե սահմանակից է Թուրքիայի հետ, այլ Իրանի: Ու երբ խաղաղարար ուժերի տեղակայման հարց է ծագում, այդ ժամանակ արդեն աշխարհում երկիր չկա, որ հաշվի չնստի Իրանի կարծիքի հետ, այդպես երկիր գոյություն չունի ու չի էլ կարող ունենալ»,-ընդգծեց քաղաքագետը, նշելով, որ դա Իրանի ազգային անվտանգության հարց է:

No comments: