Monday, November 8, 2010

Սկանդալ ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանում. Դավութօղլուին խուզարկել են եւ ստիպել ժամերով սպասել

Tert.am. 8-11-2010- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Իրաքում իր այցելությունն ավարտելուց հետո մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք, որտեղ թուրքական պատվիրակությունը սկանդալի մեջ է հայտնվել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ստիպել են, որ թուրքական պատվիրակության անդամները ճամպրուկները X-ray սկաների միջով անցկացնեն։ Դավութօղլուի թիկնապահների ճամպրուկներում հայտնաբերվել են զենքեր եւ անլար կապի միջոցներ։ Թուրքական կողմը պնդել է, թե դրանց համար իրենք համապատասխան փաստաթղթեր ներկայացրել են, սակայն Աբու Դաբիի ոստիկանության աշխատակիցներին դա չի համոզել:
Թուրքիայի ԱԳՆ-ի աշխատակիցները ժամերով անօգուտ բանակցություններից հետո փորձել են հեռանալ Սաուդիան Արաբիա եւ սկսել ինքնաթիռը նախապատրաստել թռիչքի:
Մոտ երկու ժամ տեւած բանակցություններից հետո ԱՄԷ-ի արտգործնախարար շեյխ Աբդուլլահ Բին Զայիդը Էլ Նահյանը տեղեկացել է իրավիճակի մասին, որից հետո զանգահարել եւ ներողություն է խնդրել Դավութօղլուից:
Այնուհետ Դավութօղլուն օդանավակայանից մեկնել է հյուրանոց, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով իրենց նկատմամբ նման վարվելակերպը: «Հատկապես Թուրքայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ նման սխալ վերաբերմունքը տխրեցնող է։ ԱՄԷ-ի արտգործնախարարը հեռախոսով ինձնից ներողություն է խնդրել եւ հիմա ճանապարհ է ընկել այստեղ գալու համար»-նշել է Դավութօղլուն։

No comments: