Monday, November 8, 2010

ՄԻՆՉԵՎ ՄԱՐԴՆ ԻՐ ԱՐԺԵՔԸ ՉԶԳԱ

Լուսինե Խառատյան. Հանրային քաղաքականության մասնագետ

-Լուսինե, ըստ Ձեզ` քաղաքական խավն ինչպե՞ս է ձեւավորվում, ի՞նչ մեխանիզմներ են պետք դրա առաջացման համար եւ արդյո՞ք մեզանում այն գոյություն ունի:
-Այնքանով, որքանով հետեւել եմ շարքին, ինձ համար ամենաբացը մնացել է այն, որ հիմնականում խոսվում է քաղաքական խավի մասին, բայց սահմանումը` ինչ ենք հասկանում քաղաքական խավ ասելով, այդքան էլ հստակ չի տրվում: Իմ կարծիքով, քաղաքական խավը պետք է լինի այն զանգվածը, որը քաղաքական տարբեր շահերի շուրջ է համախմբվում եւ փորձում է իր քաղաքական օրակարգն առաջ տանել: Դա կարող է լինել այն հատվածը, որը երկրում այս պահին ունի իշխանություն եւ այն հատվածը, որն այս պահին չունի իշխանություն, սակայն ձգտում է դրան, այսինքն` ընդդիմությունը: Այդ երկուսն էլ պետք է որ լինեն քաղաքական խավ, այն, ինչ մեր երկրում գոյություն չունի:

Ըստ իս` քաղաքական խավի մի կարեւոր ատրիբուտիկայի պակաս կա, այսինքն`քաղաքական օրակարգ ունենալը եւ այդ քաղաքական օրակարգն առաջ տանելը, քաղաքական շահերից, քաղաքական նպատակներից խոսելը: Ես տեսնում եմ`երկու թևում էլ ավելի գերակշռող դեր են կատարում տարբեր մարդկանց անհատական շահերը, եւ այն մարդիկ, ովքեր զբաղվում են այդ շահերը այս կամ այն կերպ առաջ տանելով, իսկ քաղաքական մասը, այն, ինչ երկրի համար քաղաքական տեսանկյունից է կարեւոր, կամ կոնկրետ այդ զանգվածի ընտրողների համար է կարեւոր, այդքան էլ առաջնային չէ, նույնիսկ եթե այդ մասին բարձրաձայնվում, խոսվում է, տարբեր կերպ շահարկվում է, միեւնույն է, որպես այդպիսին` քաղաքական խավ երկու կողմերում էլ չեմ տեսնում: Այսինքն` հասուն քաղաքական խավ որպես այդպիսին չկա մեզանում:

-Ինչո՞ւ չկա, գուցե պատճառն այն է, որ մենք բավական երիտասարդ ենք որպես երկիր:
-Չեմ կարծում, թե միայն դա է պատճառը: Միգուցե մենք պետականություն այնքան էլ վաղուց չունենք, բայց կան երկրներ, ովքեր էլի այդքան տարեց չեն, սակայն արդեն ունեն ձեւավորված քաղաքական ուժեր, քաղաքական խավ: Մյուս կողմից էլ, մեզանում չկա կամ եթե նույնիսկ կա էլ, ապա այդ գաղափարներն էլ դեռ այդքան հստակ ձեւակերպված չեն, որոնց շուրջ կարող է քաղաքական զանգված հավաքվի: Օրինակ` 88-ին կոնկրետ ազգային նպատակին զուգահեռ կար նաեւ քաղաքական նպատակ, որի շուրջ էլ ինչ-որ քաղաքական զանգված էր ձեւավորվել, ու հասարակությունն էլ ընդհանուր առմամբ քաղաքացիական ակտիվություն էր դրսեւորում: Այսօր ես դա չեմ տեսնում եւ չեմ տեսնում այն կետը, որի շուրջ կարող է կրիտիկական զանգված հավաքի, եւ այդ կրիտիկական զանգվածը կարող է ձևավորի քաղաքան խավ, եւ այդ քաղաքական խավը շարունակի հետեւողականորեն հետամուտ լինել կոնկրետ քայլերի ընթացքին:
Իսկ տարբեր շահեր ունեցող մարդկանց որքանո՞վ է հասարակությունը պահանջներ ներկայացնում:

Եթե մենք նայենք մեր այս տարվա վիճակագրությանը, արդեն ակնհայտ է, որ մեզ մոտ էմիգրացիոն միտումները փոխանակ նվազելու` գնալով աճում են: Ես, օրինակ, բացատրություն տեսնում եմ այն առումով, որ մարդիկ չեն տեսնում այն խավը, ում իրենք կարող են պահանջներ ներկայացնել, որովհետեւ եթե մարդը տեսներ, որ ինքը կարող է իր խնդիրները լուծել քաղաքական խավի միջոցով, ինքը կգնար, կդիմեր, կփորձեր լուծումներ գտնել, եւ քանի որ մեր երկում արդարության, շատ-շատ բաների պակաս կա, մարդիկ լուծումները չեն գտնում ներսում, լուծումը տեսնում են երկիրը լքելու մեջ: Սա եւս նշան է այն բանի, որ մարդիկ անհրաժեշտ չեն համարում դիմել տարբեր շահեր ունեցող ուժերի:

-Բայց մենք տեսնում ենք, որ հասարակությունն անգամ այդ պարագայում շարունակում է քաղաքական ուժերին պահանջներ ներկայացնել` լեզվի, բանակի կամ բնապահպանական:
-Ճիշտ է, լեզվի օրենքի շուրջ մարդիկ կան, ովքեր պայքարում են, բայց դա էլ զանգվածային բնույթ չի կրում: Այսինքն` հիմնական կորիզից բացի, այնտեղ շատ մարդ չկա: Եվ եթե այն ավելի զանգվածային բնույթ կրեր, ավելի մեծ հաջողության կարող էր հասնել: Բայց քանի որ մեր երկրում մարդիկ ունեն իրենց կենսափորձից կուտակված ընդհանուր անվստահություն, ցանկացած շարժում անձնականացվում է, ամեն ինչ նորից ընկալվում այնպես, ասես բխում է կոնկրետ անձնական շահերից, մարդիկ էլ չեն հավատում, որ հնարավոր է ոչ թե անձնական շահի, այլ հանուն գաղափարի ինչ-որ բան անել, դրա համար էլ ընդհանուր առմամբ այս կամ այն գաղափարի շուրջ չեն համախմբվում, իրենք նախընտրում են իրենց օրվա խնդիրը լուծել ինքնուրույն, էլի անձնական միջոցներով, քանի որ մեր երկրում միակ աշխատող մեխանիզմը անձնական միջոցներով խնդիրների լուծումն է:

Բանակի խնդիրները բոլոր խնդիրների համեմատ ամենամեծ ռեզոնանսն առաջացրին, որովհետեւ սա արդեն շատ ավելի մեծ թվով մարդկանց է «կպնում», որովհետեւ յուրաքանչյուրը գրեթե մեկն ունի, որն ինչ-որ մի օր բանակում է հայտնվում: Շատ հետաքրքիր է, որ համակարգն ինչ-որ առումով սկսեց տեղի տալ, որովհետեւ սկսվեցին ավելի շատ դեպքեր լուսաբանվել, կարծես դիսկուրս եղավ, քննարկում, պահանջ ներկայացրեցին, համակարգը փորձեց լուծումներ տալ: Սրանք բոլորը դրական միտումներ են: Եվ եթե հասարակությունը կամ այն մարդկանց խումբը, որն ակտիվ է, շարունակի տարբեր փոքր ու մեծ կետերով խփել համակարգին տարբեր կողմերից, եթե այս պրոցեսը շարունակական բնույթ կրի եւ ավելի հետեւողական լինի, միգուցե ինչ-որ փոփոխություն տեղի կունենա: Խնդիրները շատ տարբեր են. այն աղջկան, որին ծեծելով սպանել էին, մեկ մասնավոր դեպք էր, բայց էլի աղմուկ բարձրացավ, այս պահին նմանօրինակ աղմուկ կարող է բարձրանալ մայրության հետ կապված նպաստի սահմանափակումների շուրջ, քանի որ նորից կպնում են կոնկրետ մարդկանց շահերին:

Միակ պրոբլեմը, որ ես տեսնում եմ, այն է, որ բոլորն այսպես բամբասանքի, քննարկումների մակարդակով բողոքում են, բայց այն մարդիկ, ովքեր բացի բողոքելուց մի քայլ ավել են կատարում, սկսում են ավելի պահանջատեր լինել եւ հետեւողական գտնվել, քիչ են, այսինքն` բանակում եղավ աղմուկ, կարծես թե փորձում են հետեւողական լինել, բայց միեւնույն է, քանի դեռ այն կրիտիկական զանգվածը, որը հետամուտ է այդ խնդիրներին, փոքր է, միեւնույն է, խնդիրը մնում է նույն մարդկանց շրջանակում, եւ փոփոխության հեռանկար չեմ տեսնում:

-Ինչո՞ւ են փոքր մնում, որովհետեւ դրանք չե՞ն լուսաբանվում հեռուստատեսությամբ, մարդկանց մի ստված հատված անտեղյա՞կ է: Մեր զրուցակիցներից Գրիգոր Խաչատրյանն այն կարծիքին է, որ ազատ հեռուստատեսության պարագայում շատ բան այլ կերպ կլինի:
-Ազատ հեռուստատեսությունը մի բան, բայց մարդիկ, ովքեր միայն հեռուստադիտող են, իրենք էլ ունեն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ տեղեկատվությունն իրենց փոխանցում են, ի վերջո Հայաստանը փոքր է: Իսկ զանգվածը մնում է փոքր մի քանի պատճառով. մարդկանց մեծ մասի առօրյա խնդիրներն այնքան շատ են զուտ կյանքի ամենաանհրաժեշտ խնդիրները լուծելու հետ կապված, որ արդարությունը, ավելի համակարգային փոփոխությունները, համամարդկային արժեքները հետին պլան են մղվում: Մարդկանց մեծ մասը մտածում է` ինչպես լուծի իր այսօրվա հացի խնդիրը, ինքը դժգոհ է երկրից, ամեն ինչից, բայց լուծումը չի տեսնում հեղափոխության կամ ինչ-որ ծայրահեղ միջոցների մեջ, լուծումը տեսնում է սեփական երկիրը թողնել գնալու մեջ, կամ համակերպված ապրում է: Իսկ այն մարդիկ, ովքեր ակտիվ են, փորձում են տարբեր բաներ անել, նրանք էլ էլի դաշտում եղած նույն մարդիկ են, մարդիկ, ովքեր քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեն, իրենց համար այդ հարցերի լուծումները շատ ավելի կարեւոր են, քան հացի խնդիրը:

Բայց նրանցից շատերն էլ ի վերջո որոշումը կայացնում են արտագաղթի դիմելու ճանապարհով, իսկ նրանք, ովքեր մնում են, շարունակում են ակցիաներ անել, ինչ-որ փոփոխություններ պահանջել, բայց միեւնույն է, չեն կարողանում իրենք դառնալ կրիտիկական զանգված, որովհետեւ նաեւ մեծ գաղափարական անջրպետ կա այս եւ այն մարդկանց միջեւ, ովքեր օրվա հացի խնդիր են հոգում: Նրանք տարբեր լեզուներով են խոսում:

Որպեսզի մենք դաշտն ընդարձակենք եւ ունենանք իրական քաղաքական խավ, որի հետեւում կլինի հստակ քաղաքական զանգված, մենք պետք է կարողանանք հավատը վերականգնել, պետք է կարողանանք վերականգնել միմյանց հանդեպ վստահությունը, իսկ հավատը վերականգնելու քայլ չի արվում, մեզ մոտ մարդը շարունակ բախվում է նրան, որ ինքը որպես անհատ արժեք չէ:

Խորհդրային Միության ժամանակ մարդն իրեն նույնպես արժեք չի զգացել և վերջին հարյուրամյակում առնվազն, թերևս միայն Ղարաբաղյան շարժման տարիներին է ինքն իր արժեքը, կարևորությունը զգացել, զգացել, որ ինքն ինչ-որ բան կարող է փոխել: Քանի դեռ այդ զգացողությունը մեզնից ամեն մեկի մեջ չկա, անիմաստ են ամեն տիպի համակարգային բարեփոխումները եւ մնացած ամեն բան: Ես տեսնում եմ, որ էլի դիսկուրս կա, բայց վատն այն է, որ այդ դիրսկուրսին հետեւողները շատ քիչ են, էլի մնում է նույն մարդկանց շրջանակը: Մյուս կողմից էլ, այդ դիսկուրսին հավատացող չկա:Մենք չունենք մի այնպիսի փաստ, որ մեր իշխանությունը իշխանության գալուց առաջ խոստում է տվել եւ կատարել է խոստումը: Քանի դեռ այդ փորձը չունենք, խիստ կասկածում եմ, որ մեր երկրում կարելի է փոփոխությունների մասին խոսել:
Անգամ եթե լինի իշխանափոխությո՞ւն:
Անգամ եթե լինի իշխանափոխություն:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

No comments: