Thursday, November 25, 2010

ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ԱՄՆ-ՈՒՄ

«ԱԶԳ», 25-11-2010 - Արդեն մեկ տարուց ավելի Վաշինգտոնը Բաքվում դեսպան չունի, արդեն տեւական ժամանակ, հատկապես Օբամայի նախագահ դառնալուց հետո, հայ-ադրբեջանական հանդիպումները կազմակերպում եւ իրականացնում է Ռուսաստանը` միայնակ, որը նաեւ, առանց ԱՄՆ-ի հետ թեկուզ «խորհրդանշական» խորհրդակցելու, ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան, իսկ անցյալ ամառ էլ ռազմաբազան ամրապնդեց Հայաստանում: Սա եթե չի փաստում, որ ԱՄՆ-ը երկրորդական պլան է ուղարկել Կովկասը, ապա գոնե ցույց է տալիս դա: Համաշխարհային տնտեսական ճգնաժամն, իհարկե, մեծ մասամբ խառնեց ինչ-ինչ ամերիկյան խաղաթղթեր, այդ թվումՙ «կովկասյան սեղանին» դրված, ու այժմ Վաշինգտոնը, թվում է, առավելապես մտահոգված է ներքին խնդիրներով, քան հարցով, թե էլ, երբ ու որտեղ հանդիպեն Սարգսյանն ու Ալիեւը, կամ «ի՞նչ նվիրենք» Սաակաշվիլուն: Այս առումով բավական հետաքրքական մեկնաբանություններով հանդես է եկել ամերիկյան «Քիսինջեր Ասսոշիեյթս» կենտրոնի ավագ տնօրեն, քաղաքագետ Թոմաս Գրեմը: «Կովկասում իրավիճակը գրեթե չի քննարկվում ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից», վստահեցրել է քաղաքագետը` հավելելով, որ իրավիճակը բերել է նրան, որ Վաշինգտոնը տարածաշրջանում թուլացրել է իր դիրքերը: «Օբամայի վարչակազմը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է ներքաղաքական, առաջին հերթին` տնտեսական հարցերի վրա: Եվ պարզ է, որ մանավանդ վերջինՙ միջանկյալ ընտրություններում կրած պարտությունից հետո Օբաման ստիպված է լինելու ավելի շատ մտածել ներքին հարցերի մասին», ասել է Գրեմը:
Վերլուծաբանի խոսքերում, անշուշտ, իրականություն կա, քանի որ կոնկրետ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում Օբամայի ներկայացրած դեմոկրատների պարտությունը առավելապես այն հիմնավորումն ուներ, որ ամերիկացիները դժգոհ են վարչակազմի տնտեսաֆինանսական քաղաքականությունից: Շարքային ամերիկացուն բոլորովին պետք չէ, թե ԱՄՆ-ի նախագահը ինչ դեր ունի, եւ ունի՞ արդյոք, ասենք, ղարաբաղյան հակամարտության լուծման գործում: Այնպես որ, վերհիշելով Օբամայի խոսքերը, երբ հայտարարվեցին ընտրությունների արդյունքները` «Նման պարտություն ես ոչ մի հաջորդ նախագահի չեմ ցանկանա», կարելի է նույնիսկ վստահություն հայտնել, որ առաջիկայում եւս «Վաշինգտոնում Կովկասի իրավիճակը գրեթե չի քննարկվի», իսկ եթե ավելի իրատեսական լինենք, ապա եթե նույնիսկ քննարկվիՙ միայն տնտեսական հարթակում, որոնք կարող է եւ, ինչպես սովորաբար, առաջնային համարվեն ժողովրդավարություն, արդարություն` հավերժ «ամերիկյան սկզբունքներից»:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: